Փաստաբանը հայտնել է, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կալանքի միջնորդություն կներկայացվի դատարան
1 րոպեի ընթերցում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելու դատարան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում այս մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Փաստաբանի խոսքով՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2018 թվականին կաթողիկոսի դեմ ակցիայի մասնակիցներից մեկի ուսապարկում իր ծառայակիցներից մեկի միջոցով թմրամիջոց է տեղադրել ՝ վերջինիս վարկաբեկելու նպատակով։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննության ընթացքում հոգևորականի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։
Դեկտեմբերի 4-ին փաստաբան Բաբայանը հայտնել էր, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ձերբակալվել է ԱԱԾ կողմից՝ Քննչական կոմիտեի շենքում։