«Երևանյան բեսթսելեր». «Աշխարհի սահմանադրությունը. Տեսիլ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հոկտեմբերի, 2025
9 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ հոկտեմբերի վաճառքների։
Կոնստանտին Սարկիսյանի «Աշխարհի սահմանադրությունը. Տեսիլ» գիրքն առաջին հորիզոնականում է։ Ընթերցողի առջև ճանաչողական պատմություն է՝ կազմված երեք գրքից՝ «Տեսիլ», «Կյանք» և «Համակարգ»։ Սա մի մարդու՝ ամբողջ մի կյանք ձգվող ճանապարհորդություն է, որին հայտնի են դարձել կեցության գաղտնիքները, որոնք նա շռայլորեն կիսում է ընթերցողի հետ, բայց, դրանով հանդերձ, նա ոչ թե հանդես է գալիս որպես խորհրդավոր ուղեկից, այլ իրական ընկեր է դառնում, որը հիշեցնում է մեզ վաղուց մոռացված ճշմարտությունների մասին։
Երկրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքն երրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» չորրորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Մորգան Հաուզելի «Փողի հոգեբանությունը» հինգերորդ տեղում է։ Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց, փողի հետ գործ ունենալիս, անհաջողակ։ Ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ։ Այն ավելի խորքային է և կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ։ Մորգան Հաուզելը ներկայացնում է փողի վերաբերյալ մեր վարքի լավագույն ուղեցույցը։ «Փողի հոգեբանությունը» գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է մտածել փողի մասին, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից և ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ։
Դավիթ Տոնոյանի «Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» վեցերորդ տեղում է։ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար (2018թ. մայիս-2020թ. նոյեմբեր) և պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ (2010թ. հոկտեմբեր-2017թ. փետրվար) Դավիթ Տոնոյանը մանրամասն անդրադառնում է կարևոր հարցերի, որոնց մասին նախկինում չէր խոսել: Դրանց թվում են զինվորականների և քաղաքական ղեկավարության հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում, զինված ուժերի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, 2016թ. Ապրիլյան պատերազմը, 2018թ. իշխանափոխությունը, 2020 թվականի պատերազմը, 2021թ. սեպտեմբերից 2024թ. օգոստոս իր անազատության մեջ գտնվելը: Գրքի «Թղթապանակ» բաժնում ներկայացված բազմաթիվ փաստագրական նյութերն օգնում են ավելի լավ պատկերացում կազմել կարևոր իրադարձությունների և դրանց նախապատմության մասին:
Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» գիրքը յոթերորդ տեղում է։ Քարնեգիի նոր թարգմանված գիրքը արդեն հասանելի է ընթերցողներին: Պետք է կարողանալ վայելել կյանքը՝ ինչպիսին էլ որ այն մեզ բաժին ընկած լինի։ Անհանգստությունը մեծագույն չարիք է, որը ավելի շատ է քայքայում մարդու առողջությունը, քան ցանկացած հիվանդություն։ Քարնեգին այս գիրքը գրել է հենց այդ նպատակով, որպեսզի ուրիշ մարդկանց հետ կատարված օրինակների հիման վրա մեզ պարզ և մատչելի կերպով սովորեցնի ամենակարևորը. որ կյանքը պետք է շարունակել վառ գույներով...
Ութերորդ տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։
Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» իններորդ տեղում է։ Գրքում ներկայացված են այժմ «Զանգեզուրի միջանցք» անունը կրող պանթյուրքական կարեւորագույն քաղաքական նախագծի գաղափարի ծագումը, զարգացումը, իրականացման փորձերը տարբեր շրջափուլերում՝ 20-րդ դարասկզբից մինչեւ մեր օրերը, դրա տեղն ու դերը թուրք-ադրբեջանական քաղաքական-գաղափարախոսական դաշտում, ինչպես նաեւ խնդրի աշխարհաքաղաքական համատեքստը:
Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը տասներորդ տեղում է։ Այն կսովորեցնի լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | Նոր | ![]() | Կոնստանտին Սարկիսյան, «Աշխարհի սահմանադրությունը. Տեսիլ» | Բաբելոն | 99 |
| 2 | +2 | ![]() | Ջո Նավարո, «Ես կարդում եմ Ձեր մտքերը» | Դավինչի | 87 |
| 3 | +2 | ![]() | Ջեյմս Քլիըր, «Ատոմային սովորություններ» | Էդիթ Պրինտ | 58 |
| 4 | -1 | ![]() | Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես, «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» | Դավինչի | 48 |
| 5 | +2 | ![]() | Մորգան Հաուզել, «Փողի հոգեբանությունը» | Newmag | 46 |
| 6 | -5 | ![]() | Դավիթ Տոնոյան, «Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» | Մեդիամաքս | 43 |
| 7 | * | ![]() | Դեյլ Քարնեգի, «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» | հեղ հրատ | 37 |
| 8 | -2 | ![]() | Էրիկ Բեռն, «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» | Դավինչի | 35 |
| 9 | * | ![]() | Ռուբեն Մելքոնյան, Վարուժան Գեղամյան, «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» | հեղ հրատ | 31 |
| 10 | * | ![]() | Բոդո Շեֆեր, «Հաղթողների 30 օրենքները» | Դավինչի | 26 |
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:









