Քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար պետք է ձեռնարկել կոշտ, կոպիտ, ուժային, դաժան միջոցներ. վարչապետ
2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քրեական ենթամշակույթի դեմ պայքարը համարում է կառավարության ամենօրյա պայքարի թիրախ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ Տավուշում օրեր առաջ դպրոցակաների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի հետ կապված:
«Այն պատճառով է, որ Հայաստանում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ: Պետք է արմատախիլ անել: Պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկել, պետք է կոշտ, կոպիտ, ուժային, դաժան միջոցներ ձեռնարկել՝ այդ քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար: Դա գալիս է նրանից, որ երբ տղա երեխաների լեզուն բացվում է, ցավոք դեռ Հայաստանում շատ տեղեր նույնիսկ մամա-պապայից առաջ հայհոյանք ենք սովորեցնում, հետո ազգուտակով հավաքվում ու ծափ ենք տալիս: Ի՞նչ է լինելու դրա վերջը. դա է լինելու»,-նկատեց վարչապետը:
Փաշինյանն ընդունեց կառավարության պատասխանատվությունը՝ զբաղվելու այդ հարցերով:
«Սոցիալական ցանցերի այս իրավիճակները նույնպես նեգատիվ ազդեցություն են ունենում դրա վրա: Այսօր բազմաթիվ ժողովրդավարական երկրներ առերեսվում են այդ իրավիճակին»,-ասաց վարչապետը՝ նկատելով, որ օրեր առաջ Ավստրալիան արգելափակել է անչափահասների հասանելիությունը՝ սոցիալական ցանցերին:
Նա շեշտեց՝ պետք է միջոցներ ձեռնարկել, չեն լինում հատվածական լուծումներ: «Մենք պետք է ազդարարենք, որ քրեական ենթամշակույթը պետք է դառնա մեր ամենօրյա պայքարի թիրախ: Դա է լուծումը»,-նշեց վարչապետը: