ԱԻ-ՆԵՄՐԱ մոնիթորինգային ցանցի ներդրումը միտված է մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային հանձնարարությունների կատարմանը․ ԱԳ փոխնախարար
7 րոպեի ընթերցում

Միավորված ազգերի կազմակերպության առաջարկությունների վրա հիմնված ԱԻ-ՆԵՄՐԱ մոնիթորինգային ցանցը (Armenia’s Institutional Network for Monitoring and Reporting) միտված է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնարարությունների կատարման ամրապնդմանն ու մոնիթորինգային կարողությունների զարգացմանը։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցի ընթացքում նման տեսակետ արտահայտեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն՝ անդրադառնալով Ազգային մեխանիզմի թվային գործիքի (AI-NEMRA) մեկնարկին նվիրված միջոցառմանն, ու Հայաստանի համար այդ մեխանիզմի ներդրման կարևորությանը։
«Աշխարհում դեկտեմբերի 10–ին նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը, և ուրախությամբ պետք է արձանագրենք, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը մոտենում է այդ օրվան մի նոր և յուրահատուկ գործիքի ստեղծմամբ, որը միտված է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնարարությունների կատարման ամրապնդմանը և մոնիտորինգային կարողությունների զարգացմանը»,-նշեց ԱԳ փոխնախարարը։
Նրա խոսքով՝ Ազգային մեխանիզմի թվային գործիքն իրենից ներկայացնում է առցանց հարթակ, որտեղ պետական կառավարման բոլոր շահագրգիռ մարմինները կարող են միմյանց հետ փոխգործակցաբար բարձրացնել մարդու իրավունքների ոլորտում միջազգային հանձնարարությունների և միջազգային մոնիթորինգային մարմինների կողմից տրված հանձնարարականների կատարման արդյունավետությունը և տեղեկատվության փոխանակման միջոցով հետևել այդ հանձնարարությունների իրականացմանը։
«Գործիքը կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության ինստիտուտների թվայնացման ռազմավարության տեսանկյունից․ փաստացիորեն, Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային հանձնարարությունների իրականացումը թվայնացնում է, որը հնարավորություն կտա ապահովել թափանցիկությունը։ ՀՀ հանրությունը կարող է հետևել մարդու իրավունքների ոլորտում մեր ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, մեզ տրված հանձնարարականներին, և միևնույն ժամանակ պետական կառավարման համակարգի մարմինները միմյանց հետ փոխգործակցաբար կարող են իրականացնել այդ աշխատանքներն ավելի արդյունավետորեն»,-ասաց Աբիսողոմոնյանը՝ մատնանշելով, որ անցկացվող միջոցառումը միտված է տվյալ հարթակի ներկայացմանը։
Փոխնախարարի բնորոշմամբ՝ այս պահին դեռևս ներկայացվում է հարթակի մի կոմպոնենտը, որը բաց կոմպոնենտն է, և որոշ տեխնիկական շտկումներից հետո տվյալ հարթակն արդեն հասանելի կլինի հանրության համար։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտեց, որ մտադրություն կա շարունակել զարգացնել տվյալ հարթակը, և այն կունենա նաև փակ կոմպոնենտ, որտեղ պետական կառավարման մարմինները միմյանց հետ փողագործակցաբար կարող են աշխատել ոլորտում հանձնառությունների իրականացման ուղղությամբ։
ԱԳ փոխնախարարը նաև կարևոր համարեց նշել, որ տվյալ գործիքի ստեղծումը հիմնվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման վրա, և գործիքի ստեղծման ընթացքում հաշվի է առնվել միջազգային փորձը։ Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը հատկապես առանձնացրեց համագործակցությունը Դանիայի հետ։ Նրա խոսքով, այդ համագործակցությունը Հայաստանը մտադիր է շարունակել։
Աբիսողոմոնյանը զրույցի ընթացքում խոսեց նաև Հայաստանի ու Միավորված ազգերի կազմակերպության միջև տարբեր այլ ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին։
«Բոլորովին վերջերս՝ սեպտեմբեր ամսին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա 10-ամյակին նվիրված բանաձևը, և շուտով՝ դեկտեմբերի 9-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ում տեղի կունենա բարձր մակարդակի միջոցառում՝ հիմնված ՀՀ-ի կողմից ներկայացված բանաձևի վրա, որը նվիրված է Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվան։ Վերջերս, ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպությունում բոլոր պետությունների կողմից միաձայն ընդունվեց նաև ՀՀ-ի կողմից առաջադրված շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևը։ Նախօրեին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդունվեց ևս մի բանաձև՝ մշակութային ժառանգության պահպանման ոլորտում նոր և նորագույն տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ»,-ներկայացրեց Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ նկատելով, որ այս թվարկումները ցույց են տալիս՝ Հայաստանը փորձում է դրականորեն ներգրավել ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների օրակարգերում՝ իր ներդրումն ունենալով դրանց զարգացման և հետագա արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
ԱԻ-ՆԵՄՐԱ մոնիթորինգային ցանցը (Armenia’s Institutional Network for Monitoring and Reporting) Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմն է, որը ձևավորվել է՝ հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության կողմից մշակված առաջարկությունները՝ մարդու իրավունքների ոլորտում ազգային զեկույցներ ներկայացնելու կարողություններն ամրապնդելու նպատակով:
ՀՀ վարչապետի՝ 2024թ. նոյեմբերի 18-ի 1031-Ա որոշմամբ ստեղծված այս մեխանիզմը համախմբում է պետական կառավարման մարմինների ոլորտային համակարգողների ցանցը՝ թվային միասնական հարթակի համակցությամբ: Վերջինս ապահովում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանին ուղղված հանձնարարականների կենտրոնացված մեկտեղումը՝ հեշտ որոնելի և մատչելի ձևաչափով։
ԱԻ-ՆԵՄՐԱ հարթակի գործառույթներն են՝ դասակարգել և խմբավորել մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հանձնարարականները, որոնք Հայաստանին են ուղղվել ՄԱԿ պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի կողմից, ՄԱԿ Համընդհանուր Պարբերական Դիտարկման գործընթացի շրջանակներում և Եվրոպայի Խորհրդի մոնիթորինգային մարմինների կողմից, դյուրինացնել միջգերատեսչական համակարգումը՝ թվային միասնական հարթակի օգնությամբ տեղեկատվության հետ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու միջոցով, նպաստել թափանցիկությանը՝ տեղեկատվությունը հանրության համար բաց և հասանելի դարձնելով և քաղաքացիական հասարակության մասնակցությունը խրախուսելով, խթանել բաց կառավարումն ու հաշվետվողականությունը՝ նորարարական գործիքներ կիրառելով՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի հանձնառության ամրապնդման:
