Տնտեսություն

Ջրային կոմիտեն առաջարկում է որոշ դեպքերում ոռոգման ջուրը մատակարարել անհատույց

2 րոպեի ընթերցում

Ջրային կոմիտեն առաջարկում է որոշ դեպքերում ոռոգման ջուրը մատակարարել անհատույց

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստում այն ներկայացրեց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:

«Յուրաքանչյուր տարի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ գետերի ջրհավաք ավազաններում բավարար ձնաշերտի առկայության, ինչպես նաև գարնանային ինտենսիվ տեղումների և վարարումների հավանականության դեպքում հնարավորություն կստեղծվի Կառավարության որոշմամբ ջրօգտագործողների 85.000 հա հողատարածքներին, որից շուրջ 45.000 հա ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց»,- ասաց Ղալամքարյանը:

Ջրային կոմիտեի նախագահը նշեց՝ գարնանը՝ գետերի վարարումների ժամանակ, անհրաժեշտություն է առաջանում  կանխարգելիչ միջոցառումների իրականացման, որոնցից հիմնականը ջրամբարներում և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներում կուտակված ջրային ռեսուրսների լիցքաթափումն է, նշված գործընթացը հիմնականում համընկնում է ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու ժամանակաշրջանին:

Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած օրինագիծը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում