«Դիլիջան» ազգային պարկում բռնկված հրդեհի օջախները բազմաթիվ են. Գառնիկ Դանիելյանը մանրամասներ է հայտնել
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մանրամասներ է հայտնել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գառնիկ Դանիելյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Այս պահին գտնվում եմ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, որտեղ հրդեհն ավելի է ուժգնանում:
Հրշեջ-փրկարարներն օրեր շարունակ առանց դադարի շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները: Ուզում եմ իսկապես ըստ արժանվույն գնահատենք այս մարդկանց անձնվիրությունը:
Ցավոք, հրդեհի բռնկման օջախները բազմաթիվ են: Վտանգ կա, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայրին:
Աշխատանքներին խանգարում է խոտածածկի չորությունը, քամին՝ նպաստելով հրդեհի տարածմանը:
Կարծում եմ, որ փրկարարները միայնակ չեն կարող կասեցնել ահռելի մասշտաբների հասնող այս աղետը: Պետք է ողջ ռեսուրսները ներդնել հրդեհաշիջման աշխատանքներում: Անհրաժեշտ է ընդգրկել մեծաքանակ կամավորների:
Յուրաքանչյուրի մասնակցությունը կարող է նպաստել ժամ առաջ հրդեհի մեկուսացմանը և դեպի բնակավայրեր տարածմանը»,- գրել է Դանիելյանը: