Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում իր նախաձեռնած ներդրումային ծրագրերը

5 րոպեի ընթերցում

Մոսկվայի հայկական թանգարանի հիմնադիր, «Ռուցոգ-Ինվեստ» հոլդինգի հիմնադիր-նախագահ, ռուսաստանահայ գործարար և բարերար Ռուբեն Գրիգորյանը Հայաստանում նախաձեռնել է մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր։ 

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց, որ իր առաջին նախաձեռնություններից մեկը Հայաստանում եղել է «RTG Wine» գինու արտադրությունը, որի հիմնադրման աշխատանքներն Արմավիր քաղաքում սկսվել են 2018 թվականից։ 

«Աճեցնում ենք հիմնականում երկու սորտի խաղող։ 2021 թվականից սկսել ենք գինու արտադրությունը՝ ավանդական մշակության մեթոդներից անցնելով եվրոպական կորդոն էտման համակարգի։ Ստանում ենք սահմանափակ քանակով, բայց բարձրարժեք գինիներ՝ ներառյալ թնդեցված կարմիր Portwine-ը, որը տարածաշրջանում եզակի արտադրանք է»,- ասաց նա։ 

Գործարարի խոսքերով՝ հաջորդ խոշոր ծրագիրը Երևանում մեկնարկած «Փարաջանով քլաբ հաուս» բազմաբնակարանային համալիրի կառուցումն է, որի նպատակն է բարձրացնել անշարժ գույքի շուկայի որակը Հայաստանում։ 

Սակայն ամենածավալուն նախագծերից մեկը նախատեսվում է իրականացնել Արագածոտնի մարզում՝ կառուցելով լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական խոշոր համալիր։ Այն ներառելու է ամբողջական ենթակառուցվածք՝ ճանապարհներ, բնակելի գոտի, ժամանցային ու սպորտային կենտրոններ, ինչը հնարավորություն կտա Հայաստանը ներկայացնել որպես առողջարար լեռնային երկիր՝ մաքուր օդով, անաղարտ բնությամբ և ձմեռային եզակի գեղեցկությամբ։

«Ծրագիրը կոչվում է «Արագած» և 2023 թվականին ստացել է ՀՀ Կառավարության հավանությունը՝ որպես ներդրումային նախաձեռնություն։ Այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքները։ Հույս ունեմ՝ մեկնարկը և հետագա շահագործումը կիրականացվեն նախատեսված ժամկետներում»,- նշեց Ռուբեն Գրիգորյանը։ 

Խոսելով Հայաստանի բիզնես միջավայրի մասին՝ նա ընդգծեց, որ ամենակարևոր գործոններից մեկն է մարդկանց ներքին տրամադրությունը։ «Հայ ժողովուրդը տաղանդավոր և աշխատասեր է, ու հենց այս հատկանիշներն են հիմք դառնում հաջողության համար։ Բայց հաջողությունն առաջանում է նաև միջավայրից․ այնտեղ, որտեղ կա ազատություն և կայունություն, հայերը միշտ առաջ են անցնում։ Մեր պատմության դժվարությունները մեզ դարձրել են բարդ բնավորությամբ ժողովուրդ, բայց միասնությունը հնարավոր է միայն ընդհանուր նպատակի, աշխատանքի և ստեղծարարության շուրջ»,- նշեց գործարարը։ 

Խոսելով բարեգործական ծրագրերի մասին՝ Գրիգորյանը հատկապես առանձնացրեց Մոսկվայի հայկական թանգարանը, որը կառուցված է ժամանակակից թվային տեխնոլոգիաների վրա։ 

«Թանգարանը, իմ պատկերացմամբ, մեր պատմության, ներկայի և ապագայի միավորումն է։ Այն չի սահմանափակվում միայն ցուցադրությամբ, այլ մշտական կապ է պահում հասարակության հետ՝ կայքի, սոցիալական հարթակների ու ինտերակտիվ միջոցների շնորհիվ՝ մեր մշակույթը հասանելի դարձնելով թե՛ հայերին, թե՛ օտարազգիներին»,- ասաց նա։ 

Գործարարն անդրադարձավ նաև Զատիկ Խանզադյանի կազմած Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասի վերահրատարակությանը, որն իրականացվել է իր մեկենասությամբ։ 

«Ատլասը՝ իր ավելի քան 300 գեղարվեստական քարտեզներով, Մխիթարյան միաբանության թողած մեծ մշակութային ժառանգության առանձնահատուկ նմուշ է։ Մեր նպատակն այն թվայնացնելն էր և մատչելի դարձնելը ամբողջ աշխարհի համար՝ որպես հայ ինքնության կարևոր խորհրդանիշ»,- մանրամասնեց գործարարը։ 

Պատասխանելով Հայաստանի ապագայի հետ կապված ամենամեծ երազանքի մասին հարցին՝ մեր զրուցակիցն ասաց՝ երազանքն արժեք ունի միայն այն դեպքում, երբ բերում է երջանկություն։ «Իմ ամենամեծ երազանքը ես անվանում եմ «հայկական երջանկություն»։ Դա այն վիճակն է, երբ Հայաստանը լինի ուժեղ, արդար, անվտանգ և ստեղծարար երկիր, երբ հայ մարդը հպարտանա իր պետությամբ, իսկ մեր սերունդներն ապրեն ապագայի հանդեպ վստահությամբ»,-ընդհանրացրեց գործարարը։

 

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում