Կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն չորրորդ հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը. քրեական ոստիկանների հերթական բացահայտումը
5 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով հերթական հանցավոր «Զանգերի կենտրոն»-ի գործունեությունը դադարեցնելու մասին։
Ոստիկանությունն ընթացիկ տարում մինչ այս հանցավոր գործունեություն ծավալող 3 «Զանգերի կենտրոն»-ի գործունեություն էր դադարեցրել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները հանցավոր «Զանգերի կենտրոնում» անսպասելի խուզարկություն են իրականացրել նոյեմբերի 20-ին։
Հանցավոր «Զանգերի կենտրոնի» վերաբերյալ տեղեկությունը Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էր ավելի շուտ:
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ ստացած տեղեկությունը Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ իրացնելիս պարզվել էր, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, վարձակալել են Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործող կոմերցիոն նշանակության շինության գրասենյակային տարածք, այն կահավորել որպես հանցավոր «Զանգերի կենտրոն» և իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ:
Հանցավոր կազմակերպության անդամներն իրավապահ մարմինների օպերատիվ տեսադաշտում չհայտնվելու նպատակով նախապես արտաքինից քողարկել էին հիշյալ տարածքը, ձեռնարկել անվտանգության միջոցներ, ինչից հետո միայն իրականացրել անձանց հավաքագրում և հանցավոր գործունեության մեխանիզմի յուրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ: Այսպիսով՝ ապահովել էին համացանցային հեռախոսազանգերի և հեռահար հասանելիությամբ օգտագործվող համակարգիչների կիրառմամբ օտարերկրյա պետություններում գտնվող քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակության համար բարենպաստ պայմաններ:
«Ի դեպ, Հայաստանում գործող նմանատիպ հանցավոր կազմակերպությունները փոխկապակցված են այլ պետություններում նույն հանցավոր մեխանիզմը կիրառող հանցավոր այլ կազմակերպությունների հետ, որոնք իրենց հերթին թիրախավորում են մեր հանրապետության քաղաքացիներին: Եվ այստեղ հայտնաբերված ամեն հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը կասեցնելը նշանակում է հանցատեսակի կանխարգելում` նաև մեր քաղաքացիների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը նշում է՝ չնայած նախազգուշական միջոցներին` լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահ մարմիններին հաջողվեց պարզել հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունները, յուրաքանչյուրին վերապահված դերակատարումը, վերջիններիս կողմից համացանցում կիրառվող կեղծ հարթակների տվյալները և հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների համար օգտագործվող կրիպտոակտիվային դրամապանակների վերաբերյալ տեղեկությունները:
«Հանցավոր կազմակերպության անդամներն ունեին նաև իրավապահ մարմինների անակնկալ այցելության ժամանակ համակարգիչներում առկա էլեկտրոնային ապացույցների ոչնչացման հստակ ուղեցույց: Նաև այս հանգամանքը հաշվի առնելով` նոյեմբերի 20-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ծառայողներն իրականացրին անսպասելի խուզարկություն: Եվ մանրակրկիտ ծրագրված հմուտ գործողությունների շնորհիվ հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել քննության համար առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները:
Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաև նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան: Ձեռք բերված փաստական տվյալների շրջանակում Քննչական կոմիտեում իրականացվում են համապատասխան վարույթային գործողություններ՝ հանցավոր կազմակերպությունում ներգրավված բոլոր անձանց քրեադատավարական կարգավիճակը որոշելու ուղղությամբ: Քրեական ոստիկանությունն էլ իրականացնում է ակտիվ համագործակցություն օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ` հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՆԳՆ ոստիկանությունն ընդգծում է, որ նման հանցավոր կազմակերպությունների հայտնաբերման ուղղությամբ միջացառումները շարունակական են՝ քաղաքացիներին հորդորելով կասկածելի գործությունեություն ծավալող կազմակերպություններից աշխատանքի հրավեր ստանալիս լինել առավելագույնս զգոն, քանի որ նման «Զանգերի կենտրոնների» գործունեությանը մասնակցությունը հանգեցնում է քրեական պատասխանատվության: