Հայաստան

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Լիդյա Մանթաշյանի հետ: Ավելի վաղ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անձամբ էր այցելել քրեակատարողական հիմնարկ և տեսակցել վերջինիս:

Ուսումնասիրվել են անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն:

Գերատեսչությունից նշում են, որ առանձնազրույցի ընթացքում Լիդյա Մանթաշյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և պահման պայմանների վերաբերյալ  բողոքներ չի ներկայացրել: Միևնույն ժամանակ, մտահոգություն է հայտնել քրեական վարույթի շրջանակում տևական ժամանակ իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի իրավաչափության վերաբերյալ: Համանման խնդիր պարբերաբար բարձրաձայնում են նաև ազատությունից զրկված այլ անձինք: Կալանքի կիրառման հետ կապված խնդիրներին մշտապես է անդրադառնում Մարդու իրավունքների պաշտպանը:

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մտահոգիչ մնալ, Մարդու իրավունքների պաշտպանը՝ պահպանելով կոնկրետ գործով դատարանի գործունեությանը չմիջամտելու պահանջը՝ այնուամենայնիվ հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել միայն բացառիկ դեպքերում, երբ  այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրում նշված հարցին՝ հաշվի առնելով, որ կալանքի ինստիտուտի չարաշահումը կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում