Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Արևոտ հեքիաթներն»՝ առաջատար. մանկական, հոկտեմբեր, 2025

7 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Արևոտ հեքիաթներն»՝ առաջատար. մանկական, հոկտեմբեր, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:

Լիլիթ Նազարյանի «Արևոտ հեքիաթները» առաջին տեղում են։ Բացի՛ր այս գիրքը և կհայտնվես կախարդական մի աշխարհում, որտեղ բնությունը, Տիեզերքն ու տեխնոլոգիաները միահյուսված են։ Սա մի հարթակ է, որտեղ երեխաներն ընկերանում են բարի կախարդների, հեռավոր Տիեզերքում ապրող արարածների հետ։ Հեքիաթների հերոսները բարի են, ընկերասեր, խիզախ, ստեղծագործ, իսկ նրանց արկածները սովորեցնում են սիրել բնությունը, հավատալ սեփական ուժերին, պայքարել, հաղթել և տեսնել հրաշքն ու կախարդանքն ամենուր, ամեն ինչում։ Յուրաքանչյուր էջ մի նոր ճանապարհ է դեպի լույս, սեր և իմաստություն։

Հայկ Աջապահյանի «90-ականների Երևանը» երկրորդ տեղում է։ Ի՞նչ կլինի, եթե հանկարծ տեղափոխվես 90-ականների Երևան, տեսնես, թե ինչպիսին էին քո ծնողները, երբ քո տարիքին էին, նրանց հետ բակում գնդակ խաղաս և նույնիսկ նույն դպրոցը հաճախես։ Անին և Դավիթը Մարս մոլորակից վերադառնալիս հայտնվում են 1991 թվականի Հայաստանում։ Սակայն դա դեռ ամենը չէ։ Անցյալի ու ներկայի խաչմերուկում նրանք հանդիպում են մի առեղծվածային չար մարդու, որը նույնպես գիտի կախարդական սենյակի մասին և կարողանում է ճամփորդել ժամանակի միջով։ Բայց ինչո՞ւ է նա այնտեղ։ Ի՞նչ է նա փնտրում։ Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես երբեմն պետք է հետ գնալ, որպեսզի ավելի լավ հասկանաս, թե ով ես դու, ինչու ես այստեղ, և ինչն է կյանքում ամենակարևորը։

Երրորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Չորրորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն հինգերորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը...

Վեցերորդ տեղում է  «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Յոթերորդ տեղում է կրկին «Շունն ու կատուն» գիրքը՝ այս անգամ մեկ այլ հրատարակչության լույսընծայմամբ։ Այս գրքում առկա է գունազարդելու հնարավորություն։ 

Ութերորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը»: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:

Աստղիկ Նադիրյանի «Ես քեզ սիրում եմ, ինչ էլ լինի» գիրքը իններորդ տեղում է։ «Ես քեզ սիրում եմ, ինչ էլ լինի» մանկական պատկերագիրքն ստեղծվել է ճգնաժամերի ու փոթորիկների կիզակետում, երբ անհրաժեշտ էր հիշեցնել կարևորի մասին։ Չէ՞ որ անգամ մենք երբեմն կարիք ունենք լսելու, որ մեզ սիրում են ու սպասում՝ առանց նախապայմանների, առանց «եթե»-ների ու առանձնահատուկ պատճառի։ Իսկ քնից առաջ, երբ ամփոփվում է օրը, լավագույն պահն է հիշեցնելու մեր անսահման, երկնքից ու ամպերից անդին սիրո մասին։ Այս հեքիաթիկը լավագույն միջոցն է, քանի որ կօգնի գտնել բառեր, որոնք երբեմն մենք՝ մեծերս, դժվարանում ենք ասել։

Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը»  տասներորդ տեղում է։ Փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը՝ Անին ու Դավիթը որոշում են մեկնել Հին Եգիպտոս ու Կլեոպատրայի օգնությամբ ժամանակակից աշխարհ բերել, որևէ արտեֆակտ, որը կապացուցի, որ մեծ ու իրական ցանկության դեպքում նույնիսկ ժամանակի մեջ ճամփորդությունը կարող է իրականություն լինել: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Անին ու Դավիթը բախվում են անսպասելի դժվարությունների։

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխԳիրք Հրատ․Քանակ
1*

Լիլիթ Նազարյան,

 «Արևոտ հեքիաթները»

հեղ հրատ91
2+3

Հայկ Աջապահյան,

 «90-ականների Երևանը»

 Դավինչի62
3*«Ով է ապրում տնակում» Բուկինիստ62
4*«Շունն ու կատուն»Բուկինիստ62
5-1

Գրիմ Եղբայրներ,

 «Հեքիաթներ»

Բուկինիստ62
6* «Շաղգամը»Բուկինիստ59
7*«Շունն ու կատուն»Բուկինիստ59
8*

 Դերենիկ Դեմիրճյան,

 «Պույ-Պույ Մուկիկը»

Բուկինիստ59
9-3

 Աստղիկ Նադիրյան,

 «Ես քեզ սիրում եմ, ինչ էլ լինի»

Newmag52
10-8

Հայկ Աջապահյան,

 «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը»

Դավինչի52
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում