Հայաստան

Երևանի մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ

2 րոպեի ընթերցում

Երևանի մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ

Եռուն փուլում են լայնամասշտաբ և բազմաշերտ աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետությունում նոր կենսաչափական համակարգ ներդնելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։  

«Շուտով մեր քաղաքացիներն ականատես կլինեն ծավալուն շինարարական աշխատանքների հանրապետության բոլոր մարզերում։  

Մասնավոր գործընկերոջ՝ HayPass-ի կողմից ներկայացվել և մեր կողմից արդեն իսկ հաստատվել են 13 գրասենյակներ, ևս 10-ն ընտրության փուլում են։  

Հիմնովին վերանորոգվում է վարչական շենքը, որը ծառայելու է նաև որպես միջազգային ստանդարտներով կառուցվող տվյալների կենտրոն։ Այստեղ են իրականացվելու անձը հաստատող փաստաթղթերի անհատականացման և տպագրման աշխատանքները։ Շենքն ամբողջովին նորոգված, ամրակայված, կահավորված և վերազինված կլինի՝ նույն բարձր ստանդարտով՝ 24-ժամյա ՏՏ մոնիտորինգային գործիքակազմով, տեխնիկապես հագեցված հարմարավետ  գրասենյակներով։ 

Այսպիսով՝ մենք արժանապատիվ պայմաններ ենք ապահովում նաև աշխատակազմի համար, որովհետև հավատում ենք, որ որակյալ ծառայությունների մատուցումը սկսվում է այստեղից։  

Երևանում ամենաբանուկ առևտրի երկու համալիրներում՝ մոլերում, կբացվեն գերժամանակակից գրասենյակներ՝ կենսաչափական տվյալների հավաքագրման բոլորը մեկում ինքնասպասարկման սարքավորումներով, մանկական խաղասրահով, սպասարկման միջազգային ստանդարտներով։ Սրանով մենք հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր ստանդարտ կսահմանենք Հայաստանի Հանրապետությունում՝փակելով անձնագրային համակարգի հնամաշ և ցածրորակ ենթակառուցվածքի էջը, կոտրելով ոլորտի կարծրատիպերը»,- ասել է նախարարը։ 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում