1 րոպեի ընթերցում
Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է նախօրեին մայրաքաղաք Թբիլիսիում կայացած բողոքի ակցիայի 13 մասնակցի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Նոյեմբերի 19-ի երեկոյան մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում։ Ոստիկանությունը թույլ չի տվել նրանց փակել փողոցի երթևեկելի հատվածը։ Ցուցարարները երթով շարժվել են Ռուսթավելի պողոտային հարակից փողոցներով։ Ոստիկանությունը, հետևելով ցուցարարներին, սկսել է նրանց ուղղորդել դեպի մայթեզր, ինչի ժամանակ էլ կողմերի միջև վեճ է սկսվել։ Կատարվածի հետևանքով ոստիկանները ձերբակալություններ են իրականացրել։
Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ անօրինական գործողություններից, հակառակ դեպքում գերատեսչությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ։