Իրավունք

Երևանում օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

2 րոպեի ընթերցում

Երևանում օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Երևանում օտարերկրացիների մասնակցությամբ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը դանակահարվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ներկայացնելով մանրամասներ։ 

«Նոյեմբերի 18-ին` կեսգիշերն անց, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հերացու փողոցում դանակով իրեն հարվածել են, դանակահարողն էլ տեղում է։

Հաղորդում է ստացվել նաև «Հերացի թիվ-1» համալսարանական հիվանդանոցից. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա երիտասարդ:

Ըստ բժշկի` տուժածն ի վիճակի չէր հաղորդում տալու»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մարաշի համայնքային ոստիկանները պարզել են, որ կեսգիշերին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքը պատճառել է մեկ այլ օտարերկրացի 28-ամյա երիտասարդ, որը բնակվում էր հենց Հերացու փողոցում:

Մայրաքաղաքի պարեկների հետ ձեռնարկած հետագա միջոցառումներով 28-ամյա օտարերկրացին կարճ ժամանակ անց հայտնաբերվել է Ջահուկյան փողոցում, ձերբակալվել ու տեղափոխվել բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում