Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զինամթերք
1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանները 35-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում հայտնաբերել են ապօրինի պահվող զինամթերք։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից՝ ներկայացնելով մանրամասներ։
«Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Հովունի գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է զինամթերք:
Նոյեմբերի 13-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Նա հաստատեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 35-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվեց «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, սվին-դանակ և ինքնաձիգի 19 փամփուշտ»,– նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են։