Կրթություն

Որոնք են հեռակա ուսուցման ամենապահանջված մասնագիտությունները. մանրամասնել է ԳԹԿ փոխտնօրենը

3 րոպեի ընթերցում

Որոնք են հեռակա ուսուցման ամենապահանջված մասնագիտությունները. մանրամասնել է ԳԹԿ փոխտնօրենը

Հեռակա ուսուցման համակարգի ընդունելության համար  2024 թվականին հատկացվել էր 10653, իսկ 2025 թվականին՝ 10394 տեղ։ Անցյալ տարի հայտագրված մասնագիտությունների թիվը կազմել է 8281, այս տարի՝ 8131։   

Յուրաքանչյուր դիմորդ մեկ բուհում կարող է ներկայացնել երեք առաջնահերթ հայտ, եթե առաջին հայտով դիմորդը չի ընդունվում, կարող է մասնակցել նոր մրցույթի, որի շրջանակում թույլատրվում է դիմել մինչև վեց տարբեր մասնագիտության համար՝ տարբեր բուհերում. այդպիսի հնարավորություն նախկինում չի եղել։  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ նշելով, որ անցյալ տարի հեռակա համակարգով ուսուցման համար տարբեր բուհեր է դիմել  5062, այս տարի՝ 5641 դիմորդ։ 

«Անցյալ տարի  ընդունվել  է 2660, այս տարի՝ 3130 դիմորդ, ինչը կարելի է համարել  լավ ցուցանիշ»,-ասաց Կարո Նասիբյանը։ 

Առկա ուսուցման մրցույթից դուրս մնացած այն դիմորդները, որոնք չեն ընդունվել իրենց առաջին ընտրությամբ և չեն ցանկացել ընտրել այլ մասնագիտություն, ընդունվել են հեռակա ուսուցման համակարգ։                                                        

«Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարում մասնագիտության համար դիմել էր 250 մարդ, ֆինանսներ մասնագիտության մեկ տեղի համար դիմել էր երեք դիմորդ։  Երևանի Պետական  համալսարանում միջազգային հարաբերություններ մասնագիտությունն ուներ 40 տեղ, բայց դիմել էր 105 դիմորդ, իրավագիտություն մասնագիտությունը ուներ 50 տեղ, բայց դիմել էր  101 դիմորդ։   

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի  պետական ինստիտուտի փրկարարական գործ մասնագիտության հատկացված է եղել 80 տեղ, բայց դիմել էր 186 դիմորդ, ընդունվել են 98-ը»,-նշեց ԳԹԿ-ի փոխտնօրենը։                                                                       

Հեռակա ուսուցման 10 ամենապահանջված մասնագիտություններ  են՝ տնտեսագիտություն, իրավագիտություն, միջազգային  հարաբերություններ, շուկայագիտություն, հաշվապահություն, ֆինանսներ, կառավարում, փրկարարական գործ, միջավայրի դիզայն, համակարգչային ծրագրավորում։   

Հեռակա ուսուցման համար դիմորդների մեծամասնությունն այս տարի ընդունվել են Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան և  Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան։     

Լուսինե Ջալալյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում