Իրավունք

Իջևանի նախկին համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

2 րոպեի ընթերցում

Իջևանի նախկին համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Իջևան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Ղալումյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով անհատույց տրամադրման և ուղղակի վաճառքի միջոցով օտարման ոչ ենթակա անշարժ գույքն օրենքի պահանջների խախտմամբ ուղղակի վաճառքով օտարել է էականորեն ցածր՝ կադաստրային արժեքից շուրջ 3 անգամ պակաս գնով, ինչն էական վնաս է պատճառել հասարակության և համայնքի օրինական շահերին: 

«Նախաքննությամբ պարզվել է, որ Իջևան համայնքի ղեկավարը, անհատույց տրամադրման և ուղղակի վաճառքով օտարման հիմքերի բացակայության պայմաններում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքային սեփականություն հանդիսացող 1285.0 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի 30%-ի չափով վաճառել է նույն համայնքի բնակչին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ընդհանուր 1385.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել նրա սեփականության իրավունքը: 

Արդյունքում՝ Իջևան համայնքի ղեկավարի կողմից տրված լիազորագրով վերը նշված քաղաքացու հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա վերջինիս անվամբ կատարվել է նշված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք  է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին)։   

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում