Հայաստան

Երեկ Շիրակի մարզում հայտնաբերված լուսանն անկել է

4 րոպեի ընթերցում

Երեկ Շիրակի մարզում հայտնաբերված լուսանն անկել է

Երեկ Շիրակի մարզում հայտնաբերված լուսանը Կենդանաբանական այգի տեղափոխվելուց մոտ մեկ ժամ անց անկել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի կենդանաբանական այգին: 

«Դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը եղել է երիկամների սուր անբավարարությունը, ինչպես նաև արձանագրվել են սրտային անբավարարության նշաններ՝ հյուծման և ուժեղ սթրեսի հետևանքով»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ: 

Նոյեմբերի 9-ին Երևանի կենդանաբանական այգին ստացել է հաղորդագրություն այն մասին, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղում լուսանի ձագ է հայտնաբերվել և բռնվել տեղի բնակիչների կողմից։ Դեպքի վերաբերյալ տեսանյութերը տարածվել են նաև համացանցում։ Տեսչական մարմինը, համապատասխան փաստաթղթավորմամբ, ձագին տեղափոխել է Երևանի կենդանաբանական այգի  

Կենդանին այգի է հասել ուշ երեկոյան՝ ժամը 22:30-ի սահմաններում։ Մասնագետները անմիջապես արձանագրել են նրա ծայրահեղ ծանր վիճակը․ կենդանին եղել է հյուծված, ջրազուրկ և խիստ սթրեսի մեջ։ Ակնադիտական գնահատմամբ՝ մոտ 5-6 ամսական ձագ էր, որը, այդ տարիքում, դեռ չի կարողանում ինքնուրույն որս կատարել կամ գոյատևել առանց մոր խնամքի։

«Կենդանաբանական այգին անմիջապես ապահովել է հանգիստ միջավայր, տաքություն, ջուր և կեր, սակայն խիստ բժշկական միջամտությունը վտանգավոր էր. դա կարող էր հանգեցնել արագ մահվան։ Ցավոք, կենդանին տեղափոխվելուց մոտ մեկ ժամ անց անկել է։ Դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը եղել է երիկամների սուր անբավարարությունը, ինչպես նաև արձանագրվել են սրտային անբավարարության նշաններ՝ հյուծման և ուժեղ սթրեսի հետևանքով :

Ցավոք, օրգանիզմում մահացու փոփոխությունները սկսվել էին դեռ տեղափոխման ընթացքում, և միջամտությունը չէր կարող փոխել ելքը»,- ասված է հաղորդագրությունում: 

Նույն հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ լուսանը (Lynx lynx) Հայաստանում տարածված կատունազգի է և վտանգված տեսակներից է։ Նման տարիքի ձագը չէր կարող միայնակ լինել, եթե ծնողը կենդանի լիներ։ Ամենայն հավանականությամբ, կենդանին կորցրել է մորը և սովի ու սառնամանիքի պատճառով մոտեցել բնակավայրին։ Նորմալ պայմաններում լուսանները խուսափում են մարդկանցից, ինչը ևս վկայում է նրա վատառողջ վիճակի մասին։

«Տեսանյութերում երևում է, որ ձագը բռնվել է ձեռքով, ինչը հնարավոր է միայն ծայրահեղ թուլացած կենդանու դեպքում։ Ցավոք, տեղի բնակիչների ոչ միտումնավոր, սակայն չափազանց ակտիվ միջամտությունը և կենդանուն սթրեսի ենթարկելը՝ բռնելը, տեղափոխումը, աղմուկը, լուսանկարելը և այլն, միայն խորացրել են նրա ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակը»,- հայտնում են կառույցից՝ հիշեցնելով, որ վայրի կենդանիների դեպքում լավագույն օգնությունը չմիջամտելն է՝ անմիջապես տեղեկացնելով համապատասխան մարմիններին։

Երևանի կենդանաբանական այգին շնորհակալություն է հայտնում Տեսչական մարմնին արագ արձագանքի և համագործակցության համար և վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու վայրի կենդանիների պահպանության ու հանրային իրազեկման աշխատանքները  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում