Տնտեսություն

ՀՀ-ում արևային էներգետիկայի ոլորտն առաջանցիկ տեմպերով աճում է. պետությունը զարգացման նոր ուղիներ է փնտրում

4 րոպեի ընթերցում

ՀՀ-ում արևային էներգետիկայի ոլորտն առաջանցիկ տեմպերով աճում է. պետությունը զարգացման նոր ուղիներ է փնտրում

Հանրապետությունում վերջին տարիներին արևային էներգետիկայի ոլորտը լայն թափով զարգացում է ապրել։ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին արդեն միացված են 1045 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ, ինչը ռազմավարությամբ նախատեսված ցուցանիշի գերակատարում է։ Դրան նպաստել են տարբեր ուղղություններով պետության իրականացրած քաղաքականությունն ու դրանից բխող ծրագրերը։  

Էներգախնայողության միջազգային օրվան ընդառաջ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը նշեց, որ հանրապետությունում նկատելի ավելացել է արևային կայանների թիվը։ Խոսքը հատկապես ինքնավար կայանների մասին է, երբ քաղաքացիները դրանք տեղադրում են սեփական կարիքների համար։

«Պետությունն արդեն մի քանի տարի է՝ սուբսիդավորման ծրագիր է իրականացնում, որի շրջանակում քաղաքացիները, վարկային միջոցներով արևային կայաններ ձեռք բերելու դեպքում, ստանում են տոկոսների սուբսիդավորում։ Ընդ որում, այդ սուբսիդավորման չափը մարզերում, հատկապես սահմանամերձ շրջաններում ավելի բարձր է, քան Երևանում։ Սահմանամերձ հատվածում սուբսիդավորումը 14 տոկոս է, Երևանում 9 տոկոս, քաղաքային հատվածներում՝ 11, իսկ գյուղական համայնքներում՝ 12 տոկոս»,-ասաց Հովհաննես Աբրահամյանը։  

2022 թվականին մեկնարկած ծրագրի համար առաջին տարում պետությունը հատկացրեց 40 մլն դրամ, հաջորդ տարիներին պահանջարկն այնքան մեծացավ, որ վերջին տարում արդեն միլիարդավոր դրամների մասին է խոսքը։ Քանի որ արևային կայանների ձեռքբերումը վարկային ծրագրով է, հետևաբար պետությունը դեռ պետք է 7 տարի շարունակի ֆինանսական միջոցների հատկացումը տոկոսադրույքները մարելու համար։ Ծրագրի ամբողջ ընթացքում 34 հազարից ավելի շահառու է գրանցվել։ Մասնակցության առումով ակտիվ են Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերի և Երևանի բնակիչները։  

Հովհաննես Աբրահամյանը նշեց, որ այս տարվա ամռանը ծրագիրը դադարեցվել է։ Դիտարկվում է  հետագայում այլ ուղղությամբ շարունակություն ապահովելու հարցը։ Մասնավորապես, այս փուլում արևային կայանների զգալի աճն իր հետ ստեղծել է որոշակի խնդիրներ Հայաստանի էներգետիկ համակարգի կառավարման տեսանկյունից, սակայն, ինչպես նշեց Հովհաննես Աբրահամյանը,  դա չի նշանակում, թե արևային էներգետիկայի ոլորտի զարգացումը կանգնելու է։ Կառավարությունը, նախարարությունը փնտրում են այլ ուղիներ արևային կայանների մասնաբաժինն ավելացնելու համար։ Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ հիմնական հնարավորություն ընձեռող տարբերակներից մեկը կուտակիչ կայաններ ունենալն է։ 

Ներկայում Կառավարությունն աշխատանքներ է տանում դրանց համար իրավական դաշտը կարգավորելու նպատակով։ Համապատասխան օրենսդրական դաշտը կարգավորելուց հետո կհստակեցվեն կուտակիչ կայանների կառուցման ծրագրի մանրամասները։ Պետությունը նախատեսում է խթանել այն արևային կայանների կառուցման աշխատանքները, որոնք իրենց մեջ կունենան կուտակային բաղադրիչ։    

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում