«Նոր գիրք»-34/25. Վայան, Ֆայ, Քրոսբի
3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ հեղինակ. Վահե Վայան, «BONNE- NOUVELE»

Մինչև վերջ չպատմվող պատմությունների ու դրանց շուրջ անընդհատ ներքին խորհրդածությունների հերթագայություն է Վահե Վայանի «BONNE- NOUVELE» վիպակը: Հոգեբանական ապրումներն այստեղ գրեթե միշտ բախվում են արտաքին աշխարհի անտարբերությանն ու ուրիշ կանոններին, թեպետ միշտ էլ տեղ մնում է լավատեսության համար: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թարգմանական գրականություն. Գաել Ֆայ, «Ժակարանդա»

Ժակարանդան մանուշակագույն ծառ է, որը խորհրդանշում է վերածնունդն ու հույսը։ Բայց նաև իր ստվերում թաքցնում է լռության ու ցավի մի պատմություն։ Միլանը մեծացել է Վերսալում, վերադառնում է Ռուանդա, որ պարզի մոր լռության գաղտնիքը։ Ստելլան մանկության հավատարիմ «ընկերոջ»՝ ժակարանդայի սաղարթախիտ ստվերում փնտրում է իր իսկ պատմությունը։ Ռոզալին՝ ընտանիքի մատրիարխը, հիշեցնում է. «Չես կարող իմանալ՝ ով ես, եթե չգիտես, թե որտեղից ես գալիս»։ Այս պոետիկ վեպը դարավոր ծառի պես կանգնած է խավարի ու լույսի սահմանագծին։ Այն հիշեցնում է, որ մարդկությունը հակասական է․ ունակ է և՛ դաժանության, և՛ սիրո, բայց նրա էությունը, ի հեճուկս ամենի, ապրելն է։ Գաել Ֆայը 4 սերունդների ճակատագրի միջոցով ներկայացնում է Ռուանդայի մեկ դարի պատմությունն ու տուտսիների ցեղասպանության արհավիրքը։ Թարգմանիչ՝ Թագուհի Բլբուլյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Նոն ֆիքշն գրականություն. Դանիել Քրոսբի, «Հարստության կանոնները»

Գրքում Դանիել Քրոսբին ներկայացնում է՝ ինչպես են բնազդներն աշխատում մեր դեմ ներդրումների աշխարհում։ Վերլուծելով օրինակներ իրական կյանքից՝ Քրոսբին ներկայացնում է պարզ, բայց հզոր համակարգ, որը կօգնի ներդրողներին հաղթահարել հուզական թակարդները, դիմակայել շուկայի աղմուկին և հասնել երկարաժամկետ ֆինանսական հաջողությունների։ Գիրքը լույս է ընծայել «Դավինչի»-ն: