Ի տարբերություն Հայաստանի՝ Շվեդիայում քրեական վարույթներով դատավճիռները քաղաքական շահարկման չեն ենթարկվում
2 րոպեի ընթերցում

Շվեդիայում քրեական վարույթներով դատավճիռները սովորաբար քաղաքական տարընկալումների, քաղաքական մեկնաբանությունների ու շահարկումների չեն ենթարկվում, և այդ առումով Շվեդիայում և Հայաստանում առկա իրավիճակների միջև կա տարբերություն։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՝ այդ տեսակետը հայտնեց դատական համակարգին առնչվող հայ-շվեդական ծրագրի համակարգող, Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ներկայացուցիչ, ավագ դատավոր Բյորն Լինդենը։
Նա, մասնավորապես անդրադարձավ այն դիտարկմանը, թե չի՞ բախվել, արդյոք, այնպիսի դեպքերի կամ պրակտիկայի, երբ որոշ անձանց Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածներով ներկայացվում են քրեական բնույթի մեղադրանքներ, սակայն նրանք որոշ շրջանակների կողմից ներկայացվում են որպես քաղբանտարկյալներ։
«Եթե շվեդական դատարաններում անձանց ներկայացված քրեական մեղադրանքներն ունենում են փաստարկված հիմքեր և ներկայացվում են անհերքելի ապացույցներ, ապա մեղադրվող անձինք ընդունում են իրենց մեղքը՝ անկախ հասարակության մեջ ունեցած իրենց դիրքից և սոցիալական կարգավիճակից։ Շվեդիայում քրեական դատավճիռները քաղաքականացնելու պրակտիկա չկա։ Մեզ մոտ ավելի շատ աղմկահարույց են փախստականների հետ կապված վարույթները։ Դա ոչ միայն Շվեդիայի և մյուս Սկանդինավյան երկրների, այլև ամբողջ Եվրոպայի համար դարձել է բավականին լուրջ խնդիր»,-ասաց Լինդենը։
