«Սիմֆոնիկ ԴասA»-ն շարունակում է ձևավորել ունկնդիրների նոր սերունդ. հերթական դասն իրականացավ Ամերիաբանկի աջակցությամբ
4 րոպեի ընթերցում
Դասական երաժշտության հնչյուններն ու հոգեթով նոտաներն այս անգամ լցրել էին Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցը. «Սիմֆոնիկ ԴասA»-ի հերթական դասն էր: Աշակերտների հետ դասասենյակում այս անգամ ոչ թե ուսուցիչներն էին, այլ Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները` դասական երաժշտության, երաժշտական գործիքների, ստեղծագործությունների հետ ծանոթացնելու նպատակով:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կրթական նախաձեռնությունը՝ «Սիմֆոնիկ ԴասA»-ն, շարունակում է իր առաքելությունը՝ երեխաներին ու պատանիներին ծանոթացնել դասական երաժշտության աշխարհին։ Ծրագրի շրջանակում անցկացվող ինտերակտիվ դասերն ու համերգները ոչ միայն կրթական են, այլև ոգեշնչող՝ ձևավորելով դասական երաժշտության ապագա ունկնդիրներին։ «Սիմֆոնիկ ԴասA»-ն արդեն երկրորդ դպրոցում իրականացվում էր Ամերիաբանկի աջակցությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ուղղության ղեկավար Տաթևիկ Ադամյանը նշեց՝ շատ կարևոր է դասական երաժշտությանը ծանոթացնել և կապել դեռ փոքր տարիքից:
«Այսօր երեխաների համար կազմակերպում ենք դասական ինտերակտիվ դասընթաց, որը ներառում է մի քանի բաղադրիչ։ Նախ՝ նրանք ծանոթանում են դասական երաժշտական գործիքներին, ապա լսում և փորձում են կռահել հայտնի երաժշտական գործերն ու կոմպոզիտորներին։ Այս ձևաչափը երեխաներին օգնում է խորանալ դասական երաժշտության մեջ և դառնալ ակտիվ ունկնդիրներ»,- պատմեց «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ուղղության ղեկավարը:
Նախագիծը ստեղծվել է 2018 թվականին՝ Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ «Հիմքում այն գաղափարն է, որ երեխաներին պետք է սովորեցնել դասական երաժշտությունը ոչ թե միայն լսել, այլ սիրել՝ հասկանալով նրա գեղեցկությունն ու դրական ազդեցությունը։ Մինչ օրս ծրագրերին մասնակցել է ավելի քան 40 հազար աշակերտ, այցելել ենք 150-ից ավելի դպրոց»,-նշեց Տաթևիկ Ադամյանը։
Կրթական յուրօրինակ նախագիծը շատերին է միավորել. ծրագրին է միացել նաև Ամերիաբանկը: Նախորդ տարի «Սիմֆոնիկ ԴասA» նախաձեռնությունը դիմել էր Ամերիաբանկի «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավի շրջանակում իրականացված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրին և դարձել այն նախագծերից մեկը, որը ստացել է աջակցություն արշավի համար առանձնացված 100 մլն դրամի շրջանակում:
«Արդեն երկրորդ այցելությունն է, որն իրականացվում է Ամերիաբանկի աջակցությամբ։ Ուրախ ենք, որ նման գործընկերներ ունենք՝ ովքեր հավատում են կրթության և մշակույթի ուժին։ Նման համագործակցությունները մեզ հնարավորություն են տալիս մեծացնել նախագծի մասշտաբները»,-ասաց Տաթևիկ Ադամյանը։
Նա հավելեց, որ ուսուցիչներն էլ մեծ հետաքրքրությամբ են մասնակցում դասերին ու համերգներին, իսկ դպրոցներից հաճախ կրկին հրավերներ են ստանում։ «Երեխաներն էլ են ոգևորվում, ցանկանում են, որ նորից գանք։ Նրանց համար սա ոչ միայն կրթական փորձառություն է, այլև հուշ, որը պահում են երկար ժամանակ»,-ասաց նա։
«Սիմֆոնիկ ԴասA»-ի մասնակից աշակերտները ևս ոգևորված էին. նշում են` սա շատ լավ հնարավորություն էր ծանոթանալու դասական հեղինակներին ու ստեղծագործություններին, իսկ այդ ամենը մրցակցության միջոցով իրականացնելն էլ ավելի հետաքրքիր դարձրեց դասը: Աշակերտների խոսքով` շատ հետաքրքիր փաստեր են սովորում կոմպոզիտորների, նրանց ստեղծագործությունների և դասական գործիքների մասին:
«Սիմֆոնիկ ԴասA»-ն այժմ ընդլայնվում է՝ ներառելով նաև մանկապարտեզները։ «Փորձում ենք դասական երաժշտության հանդեպ սերը սերմանել արդեն ամենափոքր տարիքում։ Բացի այդ, ունենք նաև ուսանողների համար նախատեսված ծրագրեր՝ դասախոսություններով և ֆոկուս խմբերով»,-եզրափակեց Տաթևիկ Ադամյանը։