«Օրբելի ֆորում 2025»-ում փորձագետները կարևորել են արդի աշխարհում «տեղեկատվական խաղաղապահությամբ» զբաղվող որևէ կառույցի ստեղծումը
8 րոպեի ընթերցում

«Օրբելի ֆորում 2025»-ի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման մասնակից փորձագետները, հաշվի առնելով արդի աշխարհում մեդիա ոլորտում առկա խնդիրները, սպառնալիքներն ու մարտահրավերները, դրանց դեմ պայքարում կարևորել են տեղեկատվության մոնիթորինգը, և այդ գործընթացը ղեկավարող ինչ-որ մարմնի ստեղծումը, որը կհամատեղի բոլոր ջանքերը՝ մաքրելու ոլորտում առկա բացասական երևույթներն ու պահպանելու լրագրության էթիկայի կանոնները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պանելային քննարկման ընթացքում մասնակից փորձագետները ներկայացրել են մեդիա ոլորտում անհրաժեշտ փոփոխություններ և լավարկումներ կատարելու շուրջ իրենց տեսլականները, դիտարկումները։ Նրանք, միևնույն ժամանակ, ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ գործընթացը պետք է իրականացվի համատեղ ջանքերի շնորհիվ՝ հաշվարկելով ցանկացած դետալ, որը մեծ նշանակություն կարող է ունենալ վերջնարդյունքի վրա։
Պանելային քննարկման մասնակիցներից լրագրող, արտաքին քաղաքական վերլուծաբան Բարչըն Յինանչը (Թուրքիա), խոսելով փոփոխվող աշխարհակարգում մեդիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների դերի մասին, նշել է, որ շատ ուրախ է ֆորումին մասնակցելու համար և հատկապես ոգևորված է, որ միջոցառմանը մասնակցում է նաև Ադրբեջանի ներկայացուցիչը։

«Ձեր բախտը բերել է (խմբ․՝ բանախոսը դիմում է հայ ժողովրդին), որ դուք Հայաստանում ունեք վարչապետ, որը ևս մեր մասնագիտության կրողն է և ասում է, որ խաղաղությունը ձանձրալի է լրագրողների համար, քանի որ լավ լուրը լրագրողի համար նշանակում է, որ լուր չկա․ մենք՝ լրագրողներս, ընկած ենք լարվածությունների հետևից, քանի որ ընթերցողները չեն սիրում կարդալ խաղաղության պատմություններ, հակամարտություններն են մարդկանց ստիպում կարդալ պատմություններ»,-ասել է թուրք լրագրողը։
Բարչըն Յինանչը նկատել է, որ այժմ աշխարհում այնքան շատ են լինում տարբեր մանր, երկար կամ կարճաժամկետ հակամարտություններ, որ դրանցից հետո եկող խաղաղության մասին գրելը լրագրողների համար դառնում է բացառիկ երևույթ։
Պանելային քննարկման մեկ այլ մասնակից, Նյու Ջերսիի համալսարանի անվտանգության ուսումնասիրությունների ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Սքոթ Ֆիշերը (ԱՄՆ) իր ներածական խոսքում հատկապես կարևորել է այն, որ երկրներն ու ժողովուրդներն առաջին հերթին պետք է հասկանան, թե որտեղի՞ց են գալիս այն տեղեկությունները, որոնք միջավայր և տրամադրություն են ձևավորում երկրի ներսում։

Բանախոսն այս առումով կարևորել է տեղեկատվության մոնիթորինգը և այդ գործն իրականացնող ինչ-որ մարմնի առկայության անհրաժեշտությունը։
«Պետք է ինչ-որ մեկը լինի, թեկուզ, դրսից, կարող է լինել Միավորված ազգերի կազմակերպությունը, տարածաշրջանային ինչ-որ խումբ, որի միակ գործը տեղեկատվական խաղաղապահությունը կլինի։ Այստեղ խոսքը ոչ թե ֆիզիկական ուժի, այլ նորմատիվ, կարգավորող ուժի մասին է։ Ժամանակն է, որ մենք դիմենք տեղեկատվության խաղաղապահներին»,-ընդգծել է Սքոթ Ֆիշերը։
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, որը ևս մասնակցում էր պանելային քննարկմանը, խոսել է վերջին մի քանի տարիների ընթացքում ներհայաստանյան մեդիա դաշտում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

«Մոտ 5 տարի առաջ մեզ մոտ պարզապես տեղեկատվական տեռոր էր, և ոչ միայն ամեն օր, այլև ամեն ժամ ապրում էին այդ պայմաններում, երբ ապատեղեկատվության նման ծավալն ուղղակի անհնար էր հերքել։ Մենք խնդիր ունենք տեղեկատվական դաշտում հիգիենայի պահպանման հետ ևս։ Այն ժամանակ մենք հասկացանք, որ ուղղակի պարտվում ենք․ պարտվում ենք այն ապատեղեկատվության ալիքին, որը վստահորեն կարող եմ ասել՝ միայն Հայաստանի ներսից չէր, բայց հայալեզու էր։ Մենք ժամանակի ընթացքում հասկացանք, որ այդ ապատեղեկատվության նպատակը մարդկանց վախի մեջ պահելն էր, քանի որ նույնիսկ դրանց հերքումից հետո, մարդկանց մոտ անվստահության մթնոլորտը մնում էր։ Արդյունքում, կարող ենք ասել, որ մենք Հայաստանում, ցավալիորեն, կորցրինք վստահությունը մեդիայի հանդեպ»,-նկատել է Հովհաննես Մովսիսյանը։
Նա նաև զարմանալի և ցավալի է համարել այն հանգամանքը, որ լրագրողները հաճախ թիրախավորվում են պարզապես իրենց տված հարցերի համար։ Նա կարևորեց նաև մեդիա դաշտի օպերատիվ լինելու հանգամանքը։
«Ոչ միայն հանրային հեռարձակողներն, այլև ընդհանրապես, այն հեռարձակողները, որոնք օնլայն դաշտում չեն, նրանք գնալով պարտվում են օնլայն դաշտին։ Հատկապես ավանդական մեդիան պետք է հասկանա, թե իրեն ինչպես պետք է դրսևորի ներկա իրավիճակում՝ հրաժարվելով արդեն հին դարձած ձևերից»,-նշել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ միաժամանակ մատնանշելով, որ հեռուստատեսությունն արդեն իսկ սկսել է լայնածավալ փոփոխություններ իրականացնել՝ ուղղված ապագայում սպասվելիք միտումներին։
Պանելային քննարկման մոդերատոր, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանն, իր հերթին, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ռազմավարական հաղորդակցության ինստիտուցիոնալ ներդրման անհրաժեշտությունը: Նա շեշտել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմում ստեղծվել է ռազմավարական հաղորդակցության վարչություն:

«Ապատեղեկատվության դեմ պայքարը դրվում է ամուր հիմքերի վրա, քանի որ պետությունը արտաքին մանիտպուլյացիաները, հիբրիդային պատերազմն իր ընդհանրության մեջ դիտում է որպես անվտանգային խնդիր: Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանի կառավարությունը համագործակցում է միջազգային Newsguard կազմակերպության հետ՝ փաստերի ստուգման, կեղծ տեղեկությունների աղբյուրների նույնականացման աշխատանքներում: Հետաքրքիր մի ցուցանիշ կա. միայն այս տարվա ընթացքում արդեն արտաքին ներգործությամբ ապատեղեկատվության 18 դեպք է արձանագրվել, որոնք տարածվել են ամենատարբեր սոցցանցային հարթակներում, որոնցից արտատպել են անգամ հայկական որոշ կայքեր»,-ասել է Նարինե Նազարյանը:
Այս իմաստով Նազարյանը նկատել է, որ դիմակայունության բարձրացումը, նախականխման, նախափաստարկման քայլերն ու փորձագիտական մակարդակով փաստարկված հերքումները կենսական կարևորություն են ձեռք բերում:
«Եվ պետական մակարդակով այս քայլերը կարող են հաջողություն ունենալ, եթե միավորվեն քաղհասարակության ջանքերի հետ: Ապատեղեկատվության դեմ պայքարի, հիբրիդային պատերազմների, մարդ մեդիաների դարաշրջանում առաջացող մարտահրավերների պարագայում ավանդական ու հեղինակավոր մեդիաների առջև խնդիր է դրված հիշել՝ բժշկության ոսկե կանոնը հավասարապես կիրառելի է նաև լրագրության մեջ՝ «Մի վնասիր»: Իսկ յուրաքանչյուր լրագրող իր տեղում պետք է կատարի «մեդիա խաղաղապահի դերը»»,-եզրափակել է Նարինե Նազարյանը:
