Ղազախստանն ուժեղացնում է կապերը Հարավային Կովկասի երկրների հետ, որոնց դիտարկում է որպես հիմնական գործընկերներ. ղազախ փորձագետ
4 րոպեի ընթերցում
Տարածաշրջանների միջև գլոբալ փոխկապակցվածությունն իսկապես շատ մեծ փոփոխությունների է հանգեցրել, և ավանդական առևտրատնտեսական ճանապարհները ենթարկվել են տրանսֆորմացիայի, իսկ տեխնոլոգիական հնարավորությունները նոր այլընտրանքային հորիզոններ են բացել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը «Օրբելի ֆորում 2025. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովում հայտնեց Ղազախստանի նախագահին կից Ռազմավարական հետազոտություննեերի ինստիտուտի փոխտնօրեն Ժանար Գաբդուլինան։
«Տրանսպորտային միջանցքները, թվային ցանցերը, էներգետիկ ենթակառուցվածքները ստեղծում են տնտեսական նոր աշխարհագրություն և տեղ բացում քաղաքական նոր դաշնությունների կայացման համար։ Վերջին ժամանակների իրադարձությունները ցույց են տվել, թե ինչքան նուրբ են, ինչքան խոցելի են եղած համակարգերը, որոնք փոփոխությունների կարիք ունեն, ուստի անհրաժեշտ է վերանայել ավանդական ռազմավարությունները։ Մեր օրերում համաշխարհային կապիտալը գնում է ռազմավարորեն կայացած ու վստահելի տարածքներ, որտեղ հնարավոր է դիմակայել մարտահրավերներին ու աշխարհաքաղաքական շոկերին»,- ասաց Գաբդուլինան։
Նրա դիտարկմամբ՝ Ղազախստանի տնտեսական օրակարգի անցումն ավանդական կացութաձևից դեպի թվային տրանսֆորմացիա ցույց է տալիս, թե ինչպես ինստիտուցիոնալ արդիականացումը կարող է ուժեղացնել ինքնավստահությունը։
Փորձագետը տեղեկացրեց, որ Ղազախստանում կատարվել են մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ՝ ենթակառուցվածքային ցանցերը կատարելագործելու նպատակով։ Դրանք զգալի ներդրումներ են տնտեսական աճի մեջ։ Արդյունավետ տրանսպորտային միջանցքներն անշուշտ մեծացնում են արտահանման ծավալներն ու խթանում արտադրությունը, ուստի պետք է դիտարկվեն որպես ինտեգրացիայի անհրաժեշտ բաղկացուցիչ մաս։ Ղազախստանն այսօր ոչ միայն կամուրջ է Եվրոպայի ու Ասիայի միջև, այլև հաղորդակցական համակարգերի վերակառուցման ակտիվ մասնակիցն է։
«Անցյալ տարի Ղազախական տարանցիկ ճանապարհներով տեղափոխվել են 35 միլիոն տոննայի չափով ապրանքներ։ Այդ ցուցանիշը կկրկնապատկվի մինչև 2029 թվականը։ Ղազախստանը հետևողականորեն ուժեղացնում է իր հարաբերությունները հարավկովկասյան երկրների հետ, որոնց դիտարկում է որպես հիմնական գործընկերներ։ Հետագա համագործակցությունը պահանջում է որոշակի քայլեր, ինչպիսիք են, օրինակ, մաքսային գործընթացների պարզեցումը, լոգիստիկ ուղիների թվայնացումը, ենթակառուցվածքների արդիականացումը։ Հարավային Կովկասի նշանակությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ Տրանսկասպյան միջանցքն անմիջականորեն ինտեգրում է ձեր երկրներն ավելի մեծ ցանցերին»,- նշեց Գաբդուլինան։
Նրա կարծիքով՝ համագործակցությունը ենթադրում է նաև ջանքերի համատեղում, որպեսզի մեգածրագրերը դառնան երկարաժամկետ։ Ըստ նրա՝ հակամարտությունների առաջացման վտանգները կարելի է կանխել տնտեսական փոխգործակցությամբ, հետևաբար եվրասիական տարածքում կապերի հաստատումն այդ առումով կարող է լինել կայուն երաշխիք։
«Մեր տարածաշրջաններն ունեն այն ամենը, ինչի կարիքն ունի գլոբալ աշխարհը։ Խոսքը վերաբերում է ռազմավարական մոտեցումներին և հսկայական հնարավորություններին։ Անհրաժեշտ է մտածել տարածաշրջանային կտրվածքով։ Օրինակ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնբության մեջ մենք տեսնում ենք կապն ավելի լայն եվրասիական տեսլականի հետ։ Դա հնարավորությոուն է բոլոր երկրների համար՝ բարելավելու իրենց բարեկեցությունը, ինտեգրացիան և ցույց տալ, որ համագործակցությունը կարող է ստեղծել հիմքեր փոխադարձ շահերի առաջխաղացման համար»,- եզրափակեց ղազախ փորձագետը։