Հայաստան

«Քաղաքացիական հասարակություն, մեդիա, ապատեղեկատվություն և հանրային վստահություն» թեմայով պանելային քննարկմանն անդրադարձ է կատարվել մեդիա դաշտում առկա մարտահրավերներին

2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական հասարակություն, մեդիա, ապատեղեկատվություն և հանրային վստահություն» թեմայով պանելային քննարկմանն անդրադարձ է կատարվել մեդիա դաշտում առկա մարտահրավերներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը մասնակցել է «Քաղաքացիական հասարակություն, մեդիա, ապատեղեկատվություն և հանրային վստահություն» թեմայով պանելային քննարկմանը և հանդես եկել որպես բանախոս։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից՝ նշելով, որ միջոցառման նպատակն էր Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին ընդառաջ վեր հանել այն մարտահրավերները, որոնք կարող են նպաստել ժողովրդավարական ինստիտուտների թուլացմանը, հանրային վստահության նվազեցմանը և ապատեղեկատվության տարածմանը։  Մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, տարբեր պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, միջազգային ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Պանելային քննարկմանը մասնակիցներն անդրադարձել են Հայաստանում մեդիա դաշտում առկա մարտահրավերներին, խնդիրների կարգավորման գործիքակազմերին և հանրության մեդիագրագիտության բարձրացմանը նպաստող գործոններին։ 

Լիլիթ Վարագյանը նշել է, որ մեդիայի ազատությունն ու մարդու իրավունքները փոխկապակցված են. 

«Երբ մեդիան անկախ չէ, մեծանում է ապատեղեկատվության սպառնալիքը՝ հասարակությանը զրկելով բազմակարծությունից և հավասարակշռված տեղեկատվությունից, որոնք նվազեցնում են հանրային վստահությունը, առաջացնում սոցիալական բևեռացում և նույնիսկ խաթարում են մարդկանց արժանապատվության ու անձնական կյանքի իրավունքը։ Այս համատեքստում անհրաժեշտ է ձեռնարկել համակարգային և շարունակական քայլեր՝ մարդու իրավունքների կրթության տրամաբանությամբ։ Մեդիագրագիտությունը պետք է դառնա ոչ թե մասնագիտական թեմա, այլ հանրային մշակույթ»։ 

Պանելային քննարկումը կազմակերպվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում