ՀՀ կառավարությունը նոր ուղղություններով թռիչքներ իրականացնող ավիաընկերություններին աջակցություն կտրամադրի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2026 թվականին պետական աջակցություն տրամադրել այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից դեպի Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ փոխադրումներ կիրականացնեն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

Ավիացիայի բնագավառի համար 2026-ին պետական բյուջեից նախատեսվել է 3.6 մլրդ դրամ:  

«Այս տարի առաջին անգամ պետական բյուջեի շրջանակում  նախատեսվում է պետական աջակցություն այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն ուղևորներին նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ»,-ասաց նախարարը: 

Խուդաթյանը պարզաբանեց՝ խոսքն այն ավիաընկերությունների մասին է, որոնք այն ընթացքում կբազավորվեն «Զվարթնոց» կամ «Շիրակ» օդանավակայաններում: 

Շուրջ 3 մլրդ դրամ նախատեսված է սուբսիդավորում իրականացնելու համար:  

«Այն ավիաընկերությունները, որոնք պատրաստակամություն կհայտնեն բազավորվել Երևանի «Զվարթնոց» կամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում և նոր ուղղություններից ուղևորափոխադրում կիրականացնեն դեպի Երևանի «Զվարթնոց» կամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններ՝ պայմանով, որ առնվազն 1 նոր ուղղություն պարտադիր պետք է ունենան Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից, ապա 2 տարեկանից բարձր տարիքի ուղևորների տեղափոխումը դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կսուբսիդավորվի 20 հազար դրամ և դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան՝ 15 հազար դրամ»,-ասաց Խուդաթյանը:

Նախարարը նշեց, որ ծրագիրը բաց է բոլոր ավիաընկերությունների համար, որոնք կկատարեն պայմանները: Նա ուրախությամբ նշեց, որ միջազգային Wizz Air-ն արդեն բազավորվել է «Զվարթնոց» օդանավակայանում: 

Հայերեն العربية English فارسی ქართული Русский