Ձգտելով առավել ժողովրդավար և ապակենտրոն կառավարման. Երևանում մեկնարկել է CORLEAP-ի 14-րդ տարեկան հանդիպումը
7 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) 14-րդ տարեկան հանդիպումը, որը միտված է ժողովրդավարությունն ընդլայնելուն, բարեփոխումները և համայնքների միջև համագործակցությունը խթանելուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման հիմնական թեմաներն են ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը Սևծովյան տարածաշրջանի նկատմամբ, Արևելյան գործընկերության երկրների մեջ ապակենտրոնացման ընթացիկ վիճակի և հեռանկարները, ինչպես նաև CORLEAP-ի 2025-2029 թվականների գործողությունների ծրագրի քննարկումն ու ընդունումը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծեց, որ, կարևորելով եվրոպական չափանիշները, Հայաստանի կառավարությունը որդեգրել է քաղաքականություն՝ գործող օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համահունչ դարձնելու ուղղությամբ։ «Շատ կարևոր է, որ Հայաստանը դեռևս 2002 թվականին վավերացրել է տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան։ Հայաստանը 2013 թվականին վավերացրել է նաև Եվրոպական խարտիայի տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը։ Այս համատեքստում կարևորում ենք վերջին տարիներին համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերը»,-ասաց Ղալեչյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ ընդգծեց՝ Երևանի համար պատիվ է այս տարի CORLEAP-ի հանդիպումը հյուրընկալելը։
«Մենք կարևոր նշանակություն ենք տալիս Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի և եվրոպական տարբեր հարթակների հետ Երևան քաղաքի համագործակցությանը և, իհարկե, ներգրավվածությանը, մասնավորապես CORLEAP-ի հետ աշխատանքներին։ Այս համատեքստում կարևոր եմ համարում նշել, որ մի քանի տարի առաջ Երևանի ավագանու որոշմամբ քաղաքի կենտրոնական հատվածում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող հրապարակը, անվանակոչվել է Եվրոպայի հրապարակ։ Մեծապես կարևորում ենք մեր ընդգրկվածությունը և ջանքերի համադրումը Արևելյան գործընկերության ծրագրերին, որոնք ուղղված են 2025-2029 թվականների գործողությունների ծրագրի իրականացմանը։ Վստահ ենք, որ Արևելյան գործընկերությունը, լինելով բավականին հասանելի հարթակ, մեծապես նպաստում է տարածաշրջանային կայունությանը և Եվրոպական միության շրջանակներում երկխոսության զարգացմանն ու ակտիվացմանը»,-նշեց քաղաքապետի տեղակալը:

Հովհաննիսյանը նշեց՝ Հայաստանը կիսում է այն նպատակները, որոնք դրված են CORLEAP-ի թիրախում՝ ուղղված տեղական և տարածաշրջանային մարմինների կողմից ժողովրդավարության, տարածաշրջանային և երկարաժամկետ կայուն զարգացման ապահովմանը, ապակենտրոնացված կառավարմանը, ինչպես նաև համայնքների և շրջանների կառավարման կատարելագործման ուղղված նորարարական լուծումների ներդրմանը։
«Շատ կարևոր ենք համարում ժողովրդավարական և բնակիչների մասնակցային կառավարման զարգացումը ՏԻՄ մարմիններում և տարածաշրջաններում։ Մասնակցային կառավարումը բավականին արդյունավետ է, քանի որ ուղիղ արտահայտում է բնակիչների կարիքը և պատկերացումները։ Որպես օրինակ՝ կարող եմ նշել, որ մենք հաջողությամբ ներդրել ենք ակտիվ քաղաքացի հարթակը, որը արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը՝ դարձնելով տեղական իշխանությունների շփումը բնակիչների հետ ինտերակտիվ»,-ասաց նա:
Հանդիպման համանախագահող, Ֆրանսիայի Հարավային Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազյուր տարածաշրջանի խորհրդի անդամ Մագալի Ալտունյանը (FR/Renew) նշեց, որ Երևանում ընթացող հանդիպման ընթացքում կքննարկեն Եվրամիության նոր ռազմավարական մոտեցումը Սևծովյան տարածաշրջանի համար: Ըստ նրա՝ այդ տարածաշրջանը ներառում է նաև այնպիսի երկրներ, որոնք չունեն ելք դեպի ծով: Իսկ այս նոր ռազմավարական մոտեցումը հնարավորություն է տալու այս տարածաշրջանների երկրներին զարգացնել անդրսահմանային համագործակցությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, անվտանգությունը, ինչպես նաև տեղական և տարածաշրջանային տնտեսական զարգացումը:

«Մեր այսօրվա քննարկումները հնարավորության կտան խոսել Արևելյան գործընկերության երկրներում ապակենտրոնացման հարցի, նրանց ներկայիս իրավիճակի և ընդլայնման հեռանկարների մասին:
Այսօր կներկայացնենք և կքննարկենք նաև Եվրոպայի տարածաշրջանների կոմիտեի (ՏԱՀԵԿ, CoR) կողմից իրականացված վերլուծական աշխատանքը, որը ներկայացնում է Արևելյան գործընկերության և ԵՄ ընդլայնման գործընթացում ներգրավված երկրների բազմաստիճան կառավարման համակարգերի վերաբերյալ տեղեկատվություն՝ առանձնահատուկ շեշտադրելով տեղական և տարածաշրջանային իշխանությունների լիազորությունները»,- ասաց Մագալի Ալտունյանը:
Արմավիր քաղաքի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, որը նույնպես համանախագահում է 14-րդ հանդիպումը, կարևորեց համաժողովի անցկացումը, որը համախմբել է բոլորին մեկ հարթակում մի նպատակով ՝ ուժեղացնել ժողովրդավարությունը, խթանել բարեփոխումները և զարգացնել համագործակցությունը համայնքների միջև։

«Այս տարիների ընթացքում CORLEAP-ը դարձել է հուսալի հարթակ երկխոսության, փորձի փոխանակման և համատեղ լուծումների որոնման համար։ Մենք բոլորս գիտենք, որ մեր քաղաքացիների առջև ծառացած մարտահրավերները՝ սոցիալական անհավասարությունից մինչև շրջակա միջավայրի փոփոխություններ, չեն կարող լուծվել միայն ազգային մակարդակով։ Տեղական ինքնակառավարման մարմինները այն կառույցներն են, որոնք ամենամոտն են մարդկանց առօրյային և հաճախ առաջինն են արձագանքում նրանց կարիքներին։ CORLEAP-ը կարևոր կամուրջ է մեր տարածաշրջանների և Եվրոպայի կառույցների միջև։ Այդ համագործակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնել մեր համայնքների ձայնը, այլև ներգրավվել այն քաղաքականությունների ձևավորման գործընթացում, որոնք ուղղակիորեն ազդում են մեր քաղաքացիների վրա»,- նշեց քաղաքապետը: