Ֆինանսների նախարարը ներկայացրեց առաջիկա երեք տարվա կապիտալ ծախսերի պատկերը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության կապիտալ ծախսերը 2026 թվականին կկազմեն 704 մլրդ դրամ, 2027 թվականին՝ 719 մլրդ դրամ, իսկ 2028 թվականին՝ 803 մլրդ դրամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«2026 թվականի տնտեսական և սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը ավելի քան 22 տոկոսով կգերազանցեն 2025 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը: 2026 թվականի տնտեսական և սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3.4 տոկոսը, իսկ 2027 և 2028 թվականներին, համապատասխանաբար՝ 3.2 և 3.6 տոկոսը»,- ասաց Հովհաննիսյանը:
Ֆինանսների նախարարը նշեց՝ սոցիալական ծախսերի հիմնական ավելացումը պայմանավորված է երկրում գրանցված աշխատողների քանակի ավելացմամբ, քանի որ ավելանում են նաև կուտակային կենսաթոշակային հիմնադրամին պետության կողմից հատկացումները:
«Սոցիալական պաշտպանության ծախսերը 2026 թվականին կկազմեն մոտ 993 մլրդ դրամ, իսկ 2027 և 2028 թվականներին՝ 1 տրլն 62 մլրդ և 1 տրլն 123 մլրդ դրամ»,- հայտնեց նախարարը:
Առողջապահության ապահովագրության համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ 2026 թվականին առողջապահության ծախսերը կկազմեն մոտ 211 մլրդ դրամ, իսկ 2027 և 2028 թվականներին կկազմեն 240 և 249 մլրդ դրամ:
«2026 թվականի ցուցանիշը 26.6 տոկոսով կգերազանցի 2025 թվականի պետական բյուջեով սահմանված առողջապահության ծախսը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Պաշտպանության ոլորտին 2026 թվականին կուղղվի կապիտալ ծախսերի 43 տոկոսը։ Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը կկազմեն 356.4 մլրդ դրամ, իսկ 2027 և 2028 թվականներին՝ 298 մլրդ և 321 մլրդ դրամ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից սպասարկվող ոլորտներին ուղղվող ծախսերը կկազմեն 325 մլրդ դրամ, իսկ 2027 և 2028 թվականներին՝ 334 մլրդ և 365 մլրդ դրամ: