ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «ՄԱԿ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի» ստորագրման արարողությանը և բարձր մակարդակի համաժողովին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի պատվիրակությունը արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի գլխավորությամբ Հանոյում (Վիետնամ) մասնակցել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի կողմից 2024 թ. դեկտեմբերին ընդունված կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ՄԱԿ շրջանակներում առաջին կոնվենցիայի՝ «ՄԱԿ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի» ստորագրման արարողությանը և բարձր մակարդակի համաժողովին:
Համաժողովը մեկնարկել է կոնվենցիայի ստորագրման արարողությամբ, որը պաշտոնապես ստորագրվել է շուրջ 64 պետության բարձրաստիճան ներկայացուցիչների՝ այդ թվում նաև ԵՄ և նրա անդամ 12 պետությունների կողմից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ միջոցառման ընթացքում Մնացական Սաֆարյանը հանդես է եկել ելույթով՝ առանձնանշելով ՄԱԿ կոնվենցիայի կարևորությունը և ՀՀ պատվիրակության ակտիվ մասնակցությունը կոնվենցիայի տեքստի բանակցման գործընթացում, որի շրջանակներում հայկական կողմն ընդգծել է մարդու իրավունքներին, միջազգային համագործակցության երաշխիքներին ու պայմաններին, ինչպես նաև կարողությունների զարգացմանը վերաբերող դրույթների ներառման կարևորությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը հավելել է, որ առաջիկայում ակնկալվում է ավարտին հասցնել կոնվենցիայի ստորագրման ՀՀ ներպետական ընթացակարգերը: Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության հանձնառությունը կոնվենցիայի ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերին նպաստելու առնչությամբ:
Համաժողովի ընթացքում լիագումար նստաշրջանին զուգահեռ կազմակերպվել են նաև մի շարք կլոր-սեղան քննարկումներ և հարակից միջոցառումներ, որոնց օրակարգը կենտրոնացել է մի շարք թեմաների, այդ թվում՝ ՄԱԿ կոնվենցիայի գործնական կիրառման հարցում միջազգային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման, միջազգային լավագույն փորձի փոխանակման, զարգացող պետություններին կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության տրամադրման, կանանց ու երեխաներին առցացն տիրույթում պաշտպանության և այլ առանցքային հարցերի շուրջ: