Հայաստան

ԱԺ-ն ընդունել է երեխաների իրավունքներին և պաշտպանությանն առնչվող օրենքի փաթեթ

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունել է երեխաների իրավունքներին և պաշտպանությանն առնչվող օրենքի փաթեթ

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքների փաթեթը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարության կողմից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ մշակված փաթեթը կարևոր քայլ է երեխայակենտրոն պետական համակարգի ձևավորման ուղղությամբ, որտեղ յուրաքանչյուր որոշման հիմքում երեխայի լավագույն շահն է։

Ըստ այդմ ՝

• ամրապնդվել է պետության դերը՝ որպես երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու,

• հստակեցվել է համայնքի դերը՝ ներդնելով մասնագիտացված սոցիալական աշխատողի ինստիտուտ,

• ձևավորվել է մոնիթորինգի և վերահսկողության նոր համակարգ՝ կանխարգելման և արագ արձագանքի համար,

• հստակեցվել են մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի լիազորությունները երեխայի պաշտպանության ոլորտում,

• սահմանվել է «բուլինգ» հասկացությունը և դրա կանխարգելման ու արձագանքման մեխանիզմները,

• ամրագրվել է, որ յուրաքանչյուր երեխայի այլընտրանքային խնամքի ձևը պարբերաբար վերանայվում է՝ հաշվի առնելով նրա կարծիքն ու շահերը,

• հանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար,

• ներդրվելու է նոր տեղեկատվական համակարգ՝ դեպքերի վարման, ծառայությունների պլանավորման և հաշվետվողականության ապահովման համար։

Փաթեթը հնարավորություն կտա ամրապնդել համայնքային և պետական համակարգերի համագործակցությունը՝ երեխայի պաշտպանությանն ուղղված միասնական մոտեցմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում