Տնտեսություն

Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, ինչպես Դիլիջանում չի կարող Ջերմուկ արտադրվել. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, ինչպես Դիլիջանում չի կարող Ջերմուկ արտադրվել. վարչապետ

Հայաստանի տնտեսությունը պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին, քանի որ դրանցից դուրս գործող պրակտիկան սահմանափակում է երկրի սուվերենությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը և տնտեսվարողների բողոքներին։

Վարչապետը հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականից է տնտեսավարողներին հորդորում համապատասխանել ստանդարտներին։

«Ես 2018 թվականին եմ ասել՝ պետք է ստանդարտի գաք, դադարեցրեք։ Լսեք, ինչո՞ւ պետք է, օրինակ, ես գնամ միջազգային կազմակերպություն կամ միջազգային այցի ընթացքում, միջազգային հեղինակավոր արտադրող կազմակերպությունը ինձնից հանդիպում խնդրի, ես մտածեմ՝ երևի ուզում են ներդրում անել, բայց իրենք գալիս են, ասում՝ ձեր երկրում մեր ապրանքն են կեղծում։ Ի՞նչ անեմ ես»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրներից մեկն այն է, որ որոշ արտադրություններ հիմնված են ոչ թե որակի կամ օրինականության, այլ ձևական անվանումների վրա, ինչը վնասում է երկրի հեղինակությանը։

«Հայաստանում չի կարա կոնյակ արտադրվել։ Ինչպես Դիլիջանում չի կարող Ջերմուկ արտադրվել, Հայաստանում չի կարող շամպայն արտադրվել, հասկանո՞ւմ եք»,– նշեց վարչապետը։

Փաշինյանը նաև հավելեց, որ ստանդարտներին չհամապատասխանող արտադրանքը վտանգ է երկրի անկախության համար․

«Ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների գոյությունը լծակ է մեր սուվերենությունը սահմանափակելու»,– ասաց նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում