Գորիսի պետական դրամատիկական թատրոնը թատերաշրջանը մեկնարկեց «Աբու Լալա Մահարի» ներկայացումով
1 րոպեի ընթերցում

Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիսավորությամբ բացվեց 89-րդ թատերաշրջանը։ Նոր թատերաշրջանը մեկնարկեց թատրոնի նորանշանակ ռեժիսոր Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ՝ ըստ Ավետիք Իսահակյանի համանուն պոեմի՝ «Աբու Լալա Մահարի» ներկայացմամբ։

«Թատրոնից պետք է կառչել։ Թատրոնին չպետք է մենակ թողնել, այն մեր հոգևոր կյանքի կարևորագույն օջախներից մեկն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացման իր ելույթում նշեց ռեժիսորը:

Թատրոնի տնօրեն Սյուզաննա Խաչատրյանի խոսքով՝ նոր թատերաշրջանը լինելու է հարուստ և բազմաժանր․
«Ծրագրում ընդգրկված են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հեղինակների գործեր։ Մեր նպատակն է թատրոնը դարձնել ավելի կենդանի ու բաց՝ բոլոր տարիքի հանդիսատեսի համար»։

Թատրոնի անձնակազմը վստահեցնում է, որ Գորիսի թատրոնը, շարունակելով իր երկարամյա և հարուստ ավանդույթները՝ մնում է քաղաքի մշակութային կյանքի կարևոր օջախներից մեկը՝ մի վայր, որտեղ արվեստը ոչ միայն ներկայացվում է, այլև ձևավորում է մտածողություն, հոգևոր արժեքներ և քաղաքացիական գիտակցություն։