«ՌեԱ» փառատոնին արվեստասերներին ներկայացվեց Միսաք Մանուշյանին նվիրված պատկերագրքի հայերեն տարբերակը
4 րոպեի ընթերցում

«ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 21-ին ՆՓԱԿ-ում բացվեց պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդեսը, որի ընթացքում արվեստասերներին ներկայացվեց Ժան-Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը» պատկերապատված վեպի հայերեն թարգմանությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌեԱ» փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին հիշեցրեց, որ գրքի ֆրանսերեն տարբերակը լույս է տեսել 1, 5 տարի առաջ։
«Մենք անմիջապես ձեռք բերեցինք այն հայերեն թարգմանելու իրավունքը, բայց աշխատանքը երկար տևեց։ Ցանկանում էինք հրատարակել նախորդ տարի, բայց 2025-ին ենք ներկայացնում, իսկ այս տարին մանուշյանական է։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն աջակցության համար, որովհետև մենք պատկերապատման զարգացման ուղղությամբ միասին քայլեր արեցինք և հայտարարեցինք ազգային մրցույթը, որը երրորդ անգամ է անցկացվում»,-ասաց Քասունին։

Նա տեղեկացրեց, որ «ՌեԱ»-ի շրջանակում անցկացվող պատկերապատման ազգային մրցույթի լավագույն երեք նախագծերին նախարարության աջակցությամբ տրամադրում են ֆինանսական աջակցության, որի միջոցով մասնագետները զարգացնում են իրենց ծրագրերը։ «Այս տարի իրականացրինք մեկ այլ երազանք ու հրատարակեցինք նախորդ տարի մրցույթում հաղթած մասնակցի պատկերագիրքը։ Խոսքը Լենա Դերունցի «Մխիթարանք» պատկերագրքի մասին է»,-ասաց նա։
Վրեժ Քասունին կարևորեց նաև մեծ նշանակություն ունեցող պատկերագրքերը հայերեն թարգմանելու իրենց նախաձեռնությունը։ Մինչ օրս հինգ պատկերագիրք են թարգմանել, շուտով հանրությանը կներկայացնեն ևս երկուսը։
Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որի խոսքով՝ մեր մշակութային կյանքն ու նրա դրսևորումները պետք է բազմազան լինեն, ինչի վառ ապացույցը ցուցահանդեսն է։ «Մենք պետք է այդ տարբեր ձևերով գտնենք կարևոր գաղափարները, մտքերը հանրության հետ հաղորդակցելու հնարավորությունը։ Շատ ուրախ եմ, որ «ՌեԱ» փառատոնի շրջանակում ունենք հնարավորություն պատկերապատման այս ծրագիրն իրականացնելու, որին մի շարք կառույցներ ու անհատներ են միացել։ Դա վկայում է այն մասին, որ այս մոտեցումն ու նախաձեռնությունը կարևորվում է, անհրաժեշտ է։ Մենք համախմբված փորձում ենք առաջ տանել արվեստի այն ձևը, որը մի կողմից հնարավորություն է տալիս պատկերների միջոցով տեսանելի ու մատչելի դարձնել այն, ինչ ցանկանում ենք ասել, մյուս կողմից պահվում է դասական գրքի ձևաչափը և ընթերցանության այս կարողությունը դարձնում է հետաքրքիր»,-շեշտեց Անդրեասյանը։

Ժաննա Անդրեասյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ մրցույթի շրջանակում գործում են որակական բարձր չափանիշներ, միջազգային ներգրավվածությամբ ժյուրիի պրոֆեսիոնալ աշխատանքն է ակնհայտ, և մրցույթը երիտասարդների համար դառնում է կյանքի ճանապարհ։ «Սա ոչ միայն մրցույթ է, որը հնարավորություն է տալիս սեփական գաղափարները ներկայացնել, այլև միջավայր է, որտեղ հնարավոր է լսել մասնագիտական կարծիք, քննարկումների մասնակից դառնալ, ինչը դաշտի կայացման համար անհրաժեշտ պայման է»,-ասաց նախարարն ու վստահություն հայտնեց, որ ամեն տարի մրցույթն ամփոփելուց հետո հնարավոր կլինի գտնել ոլորտի զարգացման նոր ճանապարհներ։
Ցուցահանդեսին ներկայացված են մրցույթի մասնակիցների աշխատանքները, միջազգային հեղինակների պատկերապատված վեպերից հատվածներ՝ թարգմանված և հրատարակված ReA Comics-ի կողմից, ինչպես նաև նախորդ տարվա մրցույթի հաղթող Լենա Դերունցի «Մխիթարանք» պատկերապատված գրքից հատվածներ։