Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել
2 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից հոկտեմբերի 21-ին կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից՝ ներկայացնելով, թե ինչ հիմքով է հոգևորականը կարգալույծ արվել:
«Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝ հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ, վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց, երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը»,- նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:
Ավելի վաղ Տ․ Արամ քահանա Ասատրյանը Հանրային հեռուստատեսության եթերում բարձրաձայնել էր Եկեղեցում առկա խնդիրների մասին: Հարցազրույցի ընթացքում քահանան նշել էր, որ իր վերադասից հրահանգ էր ստացել՝ մասնակցելու ընդդիմության կազմակերպած ցույցերին:
Քահանայի հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, ինչի արդյունքում հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը, 12 քահանա և մի քանի աշխարհիկ աշխատակից։
Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Մեկ ամսով կալանավորվել է թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը։