Ընդդիմությունն ուղիղ քաղաքական պատասխանատվություն է կրում Գյումրիի համայնքապետի ենթադրյալ կաշառքի գործի համար. ԱԺ փոխնախագահ
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց ընդդիմության նախաձեռնությանը՝ ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելու «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը, որը նիստի ընթացքում մերժվեց։
«Մենք հենց նոր մերժեցինք ընդդիմության առաջարկը՝ քննարկելու «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը։ Բայց կա հետաքրքիր իրոնիա․ այդ թեմայով ուզում են խոսել երկու խմբակցություններ, որոնք ընդամենը 6 ամիս և 2 օր առաջ Գյումրիում համայնքապետ են ընտրել մի մարդու, որից պահանջվեց ընդամենը 6 ամիս 1 օր, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, որպեսզի կաշառք վերցնի և բռնվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուբինյանը։
ԱԺ փոխնախագահը ընդգծեց, որ ընդդիմադիր խմբակցությունները, աջակցելով Գյումրի համայնքի ղեկավարի ընտրությանը, քաղաքական պատասխանատվություն են կրում տեղի ունեցածի համար։
«Եթե ձեզ թվում է, որ ուղղակի կողքից եք աջակցել, դուք սխալվում եք։ Դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառքի համար։ Դուք՝ երկու խմբակցություններդ, որ այստեղ եք ներկայացված»,- շեշտեց նա։
Ռուբինյանը հիշեցրեց, որ Գյումրիի համայնքապետի ընտրություններին մասնակցած Մարտուն Գրիգորյանը (խմբ. Մարտուն Գրիգորյանն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է) ամենամեծ պատասխանատվությունն է կրում, որովհետև անձամբ է մասնակցել և քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին, որը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, 6 ամիս 1 օր անց կաշառք է վերցրել կամ փորձել է վերցնել։
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց նաև, որ ընդդիմադիր գործիչների մի մասը հրապարակային աջակցություն էր հայտնել Գյումրիի համայնքապետին։
«Իսկ դուք եկել եք, խոսում եք ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին։ Դուք կառավարումը լիակատար ձախողել եք Գյումրիում»,- ընդգծեց Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը ապացուցում է, որ նախկին ուժերը չեն փոխվել և ընդամենը ամիսներ անց կրկին վերադարձել են կոռուպցիոն գործելակերպին։
«Մարդիկ կարծում էին, գուցե, նախկինները փոխվել են, այս անգամ կաշառակերությամբ չեն զբաղվի, բայց պարզվեց՝ ոչ։ Ընդամենը վեց ամսվա ընթացքում վերադարձան իրենց սիրելի զբաղմունքին»,-եզրափակեց նա։
Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում 2 ամիս ժամկետով կալանավորվել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էին ևս 7 անձ, նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեիում քրեական վարույթ է նախաձեռնվել կաշառք պահանջելու-ստանալու հոդվածով։