Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Շիրակի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը տվյալ պահին այց է իրականացնում Ոստիկանության բաժին՝ Գյումրիի համայնքապետարանի դիմացից Ոստիկանություն տեղափոխված, ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից՝ մանրամասնելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 20-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Գյումրու քաղաքապետարանի դիմաց իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված։  

«Հրապարակումներ են շրջանառվել առ այն, որ քաղաքացիների նկատմամբ կիրառվել է առերևույթ անհամաչափ ուժ, մի խումբ անձինք տեղափոխվել են Ոստիկանության բաժին:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Շիրակի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը տվյալ պահին այց է իրականացնում Ոստիկանության համապատասխան բաժին՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Բացի այդ՝ մշտադիտարկման արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ստեղծված իրավիճակի հետևանքով չի ապահովվել համայնքում գործող մի շարք մանկապարտեզների բնականոն աշխատանքը, ինչն իր ազդեցությունն է ունեցել երեխաների նախադպրցական կրթության իրավունքի վրա»,- նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում: 

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ նշված և ցանկացած այլ գործընթացներում անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքով:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայումս ուսումնասիրում է շրջանառվող բոլոր տեղեկությունները՝ իր մանդատի շրջանակներում համապատասխան արձագանք ապահովելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում