Փորձագետները քննարկել են ՀՀ տրանսպորտային լոգիստիկայի համայնապատկերը՝ «Խաղաղության խաչմերուկի» և TRIPP-ի համատեքստում
5 րոպեի ընթերցում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում քննարկվեց Հայաստանի տրանսպորտային լոգիստիկայի համայնապատկերը՝ «Խաղաղության խաչմերուկի» և TRIPP նախաձեռնությունների համատեքստում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկույցներով հանդես եկան ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետներ Սուրեն Մինասյանը, Հովհաննես Մելքումյանը և Տաթևիկ Վարդանյանը։
Անդրադառնալով Հայաստանի աշխարհագրական դիրքի և լոգիստիկ մարտահրավերների թեմային՝ Սուրեն Մինասյանը ասաց, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր և ունենալով փակ սահմաններ հարևան չորս երկրից երկուսի հետ, մշտապես բախվել է լոգիստիկ մարտահրավերների։
«Մեր «աշխարհագրական քվազիմեկուսացումը» խոչընդոտել է միջազգային առևտրի ներուժն ամբողջությամբ օգտագործելու հնարավորությանը»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ այս պայմաններում լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավումն ու տրանսպորտային ցանցերի տարբերակումը դառնում են ռազմավարական անհրաժեշտություն։
«Չնայած փակ սահմաններին Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանը հետևողականորեն ձգտում է ներգրավվել բազմակողմ տրանսպորտային նախաձեռնություններում։ Դրանց թվում առանձնանում են «Հյուսիս–Հարավ» միջանցքը, ՏՐԱՍԵԿԱ-ն, ինչպես նաև կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը համահունչ է միջազգային մակարդակով քննարկվող TRIPP ծրագրին»,- ասաց Մինասյանը։
Տ.գ.թ. Հովհաննես Մելքումյանը ներկայացրեց լոգիստիկ գործոնների տնտեսական ազդեցության գնահատման արդյունքները՝ հիմնված գրավիտացիոն մոդելի վրա։
«Վառելիքի գների բարձրացման պայմաններում Հայաստանից ԵՄ արտահանման հոսքերը տեղափոխվում են դեպի ավելի երկար և կայուն միջանցքներ, իսկ ԵԱՏՄ ուղղությամբ՝ դրական ազդեցությունը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի գործոնով»,– նշեց Մելքումյանը։
Նա հավելեց, որ արտահանման ժամանակի կրճատումն ունի շոշափելի արդյունք։
«Հայաստանից արտահանման գործընթացների մոտ 10 տոկոս կրճատումը դեպի ԵԱՏՄ արտահանման ծավալը մեծացնում է շուրջ 13 տոկոսով, իսկ դեպի ԵՄ՝ մոտ 4 տոկոսով։ Սա ցույց է տալիս, որ ԵԱՏՄ ուղղությամբ առևտրի իրականացումը կառուցվածքային առավելություններ ունի»,- ասաց Մելքումյանը։
Փորձագետի կարծիքով՝ ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է անցում կատարել էներգաարդյունավետ և կայուն երթուղիների, ինչպես նաև խթանել բարձր արժեքով ապրանքների արտահանումը, որոնց ինքնարժեքում տրանսպորտային ծախսերի մասնաբաժինը փոքր է։
Ներկայացնելով դաշտային ուսումնասիրությունների արդյունքները՝ տ.գ.թ. Տաթևիկ Վարդանյանը նշեց, որ լոգիստիկ համակարգի զարգացման հիմնական խոչընդոտներն այսօր մնում են բարձր տրանսպորտային ծախսերը և մաքսային բարդ ընթացակարգերը։
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանից արտահանող կազմակերպությունների համար ամենախոշոր խնդիրները վերաբերանում են բեռնափոխադրման բարձր արժեքին, մաքսային ընթացակարգերի բարդությանը և սերտիֆիկացման դժվարություններին»,– ասաց Վարդանյանը։
Նա նաև անդրադարձավ տարածաշրջանային ուղղություններին՝ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հնարավոր համագործակցությանը։
«Վրաստանի հետ առաջնահերթ է մաքսային փոխճանաչման և փոխվստահության մեխանիզմների զարգացումը։ Իրանի հետ համագործակցության համատեքստում մեծ ներուժ ունի Մեղրիի ազատ տնտեսական գոտին, որը կարող է դառնալ ԵԱՏՄ շուկաների և Մերձավոր Արևելքի միջև կապող օղակ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա մեր հաշվարկներով սահմանների բացման դեպքում երկկողմ առևտուրը կարող է աճել մինչև 494 տոկոս՝ ազատ առևտրի համաձայնագրի առկայության դեպքում»,- ասաց Վարդանյանը։
Խոսելով տարածաշրջանային նոր միջանցքների մասին՝ նա ընդգծեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացման և TRIPP կամ «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի գործարկման դեպքում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային հաղորդակցության առանցքային հանգույց։
«Սակայն այս ճանապարհին դեռ կան լուծման կարիք ունեցող ինստիտուցիոնալ և տեխնիկական խոչընդոտներ»,- նշեց Վարդանյանը։
Միջոցառմանը ներկայացվեց նաև փորձագետների ընդհանուր առաջարկությունների փաթեթը։
Քննարկման մասնակիցները նշել են, որ Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում ոչ միայն տնտեսական զարգացման գործիք է, այլև ռազմավարական հնարավորություն՝ երկիրը վերածելու համագործակցության և կայունության առանցքային հանգույցի։