Մշակույթ

Գյումրիում ավարտվեց «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրի առաջին փուլը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում ավարտվեց «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրի առաջին փուլը

Շուրջ 3000 մասնակից, ավելի քան 30 ինտերակտիվ դաս և ամփոփիչ 5 համերգ. Գյումրիում ավարտվեց «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրի առաջին փուլը, իսկ հոկտեմբերի 9-ից  մեկնարկել է նոր բովանդակությամբ ինտերակտիվ դասերի երկրորդ փուլը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, նվագախմբի նախաձեռնությամբ և «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը Գյումրիում հաջողությամբ ավարտել է ինտերակտիվ դասերի առաջին փուլը։ «Սեպտեմբերին ծրագրին մասնակցեց ավելի քան 3000 աշակերտ Գյումրու 8 ավագ դպրոցներից։ Երաժիշտների հետ կայացած հանդիպումների շնորհիվ գյումրեցի պատանիները ծանոթացան դասական երաժշտությանը, սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքին, երաժշտական գործիքներին, հնարավորություն ունեցան գործնականում նվագելու երաժշտական գործիքներով, մասնակցելու տարբեր ինտերակտիվ խաղերի: Բացի այդ, երաժիշտ-դասվարները դպրոցականներին ծանոթացրին դիրիժորի գործառույթներին։ Ծրագրի մասնակիցները նաև հնարավորություն ունեցան դպրոցում կենդանի հնչողությամբ վայելելու դասական հայտնի ստեղծագործություններից հատվածներ», ասվում է հաղորդագրության մեջ։

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի հետ այս տարվանից սկիզբ առած համագործակցության արդյունքում Գյումրու ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն են ստացել ծանոթանալու «Սիմֆոնիկ ԴասA»-ի ինտերակտիվ դասերի բովանդակությանը «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի միջոցով (կայքը՝ brainograph.com)։ Հատուկ այս ծրագրի համար մշակվել և հարթակում հավաքվել է հետաքրքիր և դինամիկ նյութերով հարստացված բովանդակություն, որը լրացուցիչ խթան է շարունակաբար խորասուզվելու դասական երաժշտության աշխարհ՝ դառնալով նոր սերունդների կյանքի անբաժան մաս։

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 9-ին մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը, որը ներառում է ինտերակտիվ դասերի նոր, ավելի հարստացած բովանդակություն։ Այս փուլում ուշադրություն է դարձվում ոչ միայն երաժշտական գործիքներին և նվագախմբի գործունեությանը, այլև կոմպոզիտորների ստեղծագործություններին, երաժշտական ամենահայտնի տերմիններին։ Կկազմակերպվեն նաև նոր ու հետաքրքիր ինտերակտիվ խաղեր։

Հոկտեմբերի ինտերակտիվ դասերը նույնպես կամփոփվեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գալա համերգներով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում