Բելգիայի թագուհին ԿԳՄՍ նախարարի տեղակալի ուղեկցությամբ այցելել է Ծաղկունքի նախակրթարան

3 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելգիայի թագուհի Մաթիլդան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի նախակրթարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, Բելգիայի թագուհին և ԿԳՄՍ նախարարի տեղակալը զրուցել են նախակրթարանի սաների և մանկավարժների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով և ուսումնական գործընթացի կազմակերպմամբ: Ծաղկունքի նախակրթարանն ունի 13 սան: Այն հիմնովին վերանորոգված է, հագեցած խաղահրապարակներով, նոր գույքով ու դիդակտիկ պարագաներով: 

Ծաղկունքում գործող նախադպրոցական այլընտրանքային ծառայությունը հիմնվել է 2022 թվականին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում:

Ըստ աղբյուրի՝ Բելգիայի թագուհին հետաքրքրվել է երեխաների՝ վաղ տարիքից կրթական համակարգում ընդգրկվածության ցուցանիշով՝ ընդգծելով, որ այն համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է այդ ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները և նշել, որ այս առումով ցուցանիշները բարելավվել են՝ շնորհիվ ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 մանկապարտեզների կառուցման, վերանորոգման ծրագրի: Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ ընթացիկ տարվա ավարտին նախադպրոցական համակարգում երեխաների ընդգրկվածության ցուցանիշը կկազմի 85 տոկոս: 

Անդրադարձ է եղել նաև համընդհանուր ներառական միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների առկայության, ինչպես նաև մանկավարժների վերապատրաստման ծրագրերին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հայտնել է՝ տարեցտարի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի մեծ թվով երեխաներ են ընդգրկվում նախադպրոցական կրթության համակարգում: Նա նաև տեղեկացրել է՝ վերակառուցվող և նորակառույց բոլոր հաստատություններում ներառական միջավայրի ապահովումը պարտադիր պահանջ է: 

Նշվում է, որ Արաքսիա Սվաջյանը նաև ներկայացրել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ տեղեկացնելով, որ 2023 թվականի հունվարից ՀՀ բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների, ինչպես նաև նախակրթարանների երեխաները պետական բյուջեի միջոցների հաշվին տաք սնունդ են ստանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ ծրագրի դրական ազդեցությունն արդեն զգալի է ՀՀ մարզերի դպրոցականների շրջանում․ երեխաները վերանայում են իրենց սննդակարգը՝ գիտելիք ստանալով  ճիշտ և առողջ սնվելու վերաբերյալ։

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին