Ամերիկյան առաջատար կլինիկաների 18 բժիշկ Հայաստանում է մեկ առաքելությամբ՝ փորձի փոխանակման և նոր կապերի հաստատման համար

6 րոպեի ընթերցում

Ամերիկյան առաջատար կլինիկաներից ժամանած 18 բժիշկ Ֆրեզնոյում Հայաստանի  պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի նախաձեռնած բժշկական առաքելության շրջանակում Հայաստանում մասնակցել են «Ձգտելով կատարելության» միջազգային գիտաժողովին, Երևանում և մի շարք մարզերում իրականացրել են վիրահատություններ և տեղացի մասնագետների հետ կիսվել են իրենց փորձով։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը նշեց, որ  բժշկական նախաձեռնությունը Հայաստանում սկսել են դեռևս 2015 թվականին։ 

«Այս տարվա առաքելության երեք հիմնական ուղղություններն էին՝ միջազգային գիտաժողով, վիրահատությունների իրականացում և ֆիզիոթերապիայի ծառայությունների մատուցում։ Մասնագետներն աշխատեցին Երևանի, Գյումրու և Արմավիրի բուժհաստատություններում»,- ասաց Աբգարյանը։

Նրա խոսքով՝ առաքելությանը մասնակցում է 18 բժիշկ ԱՄՆ-ից և Լիբանանից։ Վիրահատական խումբը հիմնականում ժամանել է Սիեթլից։ «Նրանց մեծ մասը օտարերկրացիներ են։ Հպարտ ենք, որ խմբում է նաև Քլիվլենդի կլինիկայի առաջատար նեֆրոլոգ Սևակ Դեմիրճյանը: Նրանք թողել են իրենց ընտանիքն ու աշխատանքը և եկել Հայաստան ծառայելու։ Սա հսկայական նվիրում է»,- նշեց Աբգարյանը։ 

Բժշկական առաքելության շրջանակում անցկացվող գիտաժողովն արդեն երրորդ տարին է կազմակերպվում։ Աբգարյանը կարևորեց հատկապես այն, որ այս տարի գիտաժողովում ընթեռնելի և կիրառական թեմաներ են ներկայացվել։ 

«Հիշեցնեմ՝ 2023 թվականին սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ հարյուրավոր մարդիկ ստացան ծանր այրվածքներ։ Այդ օրերին ևս մեր առաքելության մասնագետները Հայաստանում էին և աջակցեցին տեղացի բժիշկներին»,- ասաց Աբգարյանը։  

Բացի դասախոսություններից, արտասահմանցի մասնագետները նաև անմիջականորեն ներգրավվել են վիրահատություններում և խորհրդատվություններում։ «Մեր նպատակն է ոչ միայն գիտելիք փոխանցելը, այլև տեղացի բժիշկներին գործնական աջակցություն ցուցաբերելը։ Սա ծառայություն է հայրենիքին, ոչ թե գնահատանքի ակնկալիք»,- ընդգծեց հյուպատոսը։ 

Պերճ Աբգարյանը շեշտեց, որ առաքելության կարևորագույն արժեքներից է փորձի և կապերի փոխանակումը։ «Այս համագործակցությունը միայն երկու շաբաթով սահմանափակված չէ։ Այն հնարավորություն է ստեղծում, որ հայ բժիշկները հետագայում էլ մասնագիտական խորհրդատվություն ստանան արտասահմանցի գործընկերներից»,- նշեց նա։ 

Քլիվլենդի կլինիկայի առաջատար նեֆրոլոգ Սևակ Դեմիրճյանն էլ կարևորեց հայրենիքում նման մասնագիտական նախաձեռնությունների իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք հիանալի հնարավորություն են գիտելիքի և փորձի փոխանցման համար։  

Նա նշեց, որ երեք դասախոսություն է կարդացել՝ բժշկության մեջ AI-ի կիրառման մասին: 

«Շատ ուրախ եմ այստեղ լինելու, երիտասարդ բժիշկների հետ շփվելու և նրանց իմ գիտելիքները փոխանցելու հնարավորության համար։ Առողջապահական ծառայությունները  տարբեր երկրներում տարբեր ձևով են կազմակերպված, և կարևոր է, որ երիտասարդները տեսնեն այդ բազմազանությունը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ տեսական գիտելիքը և դասագրքերը կարևոր են, սակայն պրակտիկ փորձն ու տարբեր մոտեցումներն ու մտածելակերպը տեսնելն անփոխարինելի է։

Դեմիրճյանի խոսքով՝ նման հանդիպումները ոչ միայն մասնագիտական հաղորդակցման հարթակ են, այլև հնարավորություն՝ կապեր ստեղծելու, մենթորություն ապահովելու և նոր սերնդին աջակցելու ճանապարհին։ «Շատ կարևոր է, որ երիտասարդ բժիշկներն ունենան մենթորներ, որոնք կուղղորդեն նրանց։ Եթե նման նախաձեռնությունները լինեն պարբերական, վստահ եմ՝ կկարողանանք օգնել նոր սերնդին արագ զարգանալ»,- հավելեց նա։

Խոսելով Հայաստանի առողջապահական համակարգի մասին՝ Դեմիրճյանն ընդգծեց, որ հատկապես էլեկտրոնային բժշկական գրանցումների ներդրումը մեծ առաջընթաց է ոլորտի համար։ «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում արդեն ներդրվում է բժշկական գրանցումների էլեկտրոնային համակարգը։ Դա մեծ քայլ է առաջ, որովհետև առանց դրա բժշկության արդի կազմակերպումը դժվար է պատկերացնել։ Նոր համակարգերի ներդրումը միշտ ժամանակ է պահանջում, բայց սա ճիշտ ուղղությամբ քայլ է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում էլեկտրոնային համակարգերը ձևավորվել են շուրջ 25 տարվա ընթացքում և վերջին 10-15 տարում դարձել են բժշկական գործընթացի անբաժանելի մասը։ Դրանք հնարավորություն են տալիս բժիշկներին տեսնել հիվանդի ամբողջական պատմությունը, ինչը զգալիորեն բարձրացնում է բուժօգնության որակը։ 

Սևակ Դեմիրճյանը վստահ է, որ երիտասարդ հայ բժիշկներն արագ կդիմակայեն նոր մարտահրավերներին. «Տարեց բժիշկների համար նոր տեխնոլոգիաների ընդունումը երբեմն բարդ է, բայց ես վստահ եմ, որ երիտասարդ սերունդն արագ է հարմարվելու և ավելի արդյունավետ է օգտագործելու նոր հնարավորությունները»։

Խոսելով հայ երիտասարդ բժիշկների ու ուսանողների մասին՝ նա նշեց, որ նրանք շատ մոտիվացված են և սիրում են իրենց մասնագիտությունը։ 

Հայերեն English Русский

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին