Կամո Ցուցուլյան

Կամո Ցուցուլյանը Պրահայում մասնակցել է միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

Կամո Ցուցուլյանը Պրահայում մասնակցել է միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի հանդիպմանը

Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում մասնակցել է միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի Աֆրիկա-Եվրոպա-Միջին Ասիա (AEME) տարածաշրջանի աշխատանքային խմբի տարեկան հանդիպմանը, որի ընթացքում ամփոփվել են 2025 թվականին կատարված աշխատանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում որակավորվել է մեկ, վերաորակավորվել՝ չորս թիմ, կազմակերպվել են տասնյակ վարժանքներ։ 2025 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ ամբողջ աշխարհում կա 58 որակավորված թիմ (34՝ ծանր, 20՝ միջին և 4՝ թեթև)։

Հանդիպման ընթացքում խմբային քննարկումներ են եղել 2021-2026 թթ․ ռազմավարական հիմնական դրույթների` որակի չափանիշների, տեղայնացման, ճկուն արձագանքի և գործընկերության վերաբերյալ: Քննարկվել է 2026-2030 թթ․ ռազմավարությունը:

Ներկայացվել է նաև հաջորդ տարվա աշխատանքային պլանը։ Ըստ այդմ՝ 2026 թվականին տարածաշրջանում նախատեսվում է անցկացնել 3 որակավորման և 12 վերաորակավորման գործընթաց։

2026 թվականին կհրապարակվեն միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի նոր ձեռնարկները:

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի քարտուղար Սեբաստիան Ռոդես Ստամպայի, Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ-փրկարար ծառայության տնօրեն Վլադիմիր Վլչեկի, Շվեյցարական համագործակցության գրասենյակի արագ արձագանքման ստորաբաժանման ղեկավար Դեվիդ Սոկորի, Միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի տարածաշրջանի երկրների քաղաքական պատասխանատուների և փորձագետների հետ։

Շվեյցարական համագործակցության գրասենյակի արագ արձագանքման ստորաբաժանման ղեկավար Դեվիդ Սոկորի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու հայկական ՔՈՓ թիմի վերաորակավորման գործընթացի նախապատրաստական աշխատանքները: Թիմի կարիքների առաջնային գնահատում իրականացնելու համար Կամո Ցուցուլյանը Դեվիդ Սոկորին հրավիրել է Հայաստան:

Միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի տարածաշրջանի աշխատանքային խմբի նախագահությունը ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում