Կրթություն

Հայաստանում կայացել է «Էրազմուս» ուսանողական ցանցի Հարավարևելյան եվրոպական համաժողովը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում կայացել է «Էրազմուս» ուսանողական ցանցի Հարավարևելյան եվրոպական համաժողովը

Հայաստանում հոկտեմբերի 9-12-ը կայացել է «Էրազմուս» ուսանողական ցանցի Հարավարևելյան եվրոպական համաժողովը (SEEP Yerevan 2025)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամենամյա այս համաժողովը Երևանում միավորեց  16 երկրից ավելի քան 140 երիտասարդ կամավորների Հայաստանի, տարածաշրջանի և Եվրոպայի տարբեր երկրներից։ Չորս օրերի ընթացքում անցկացվեցին նիստեր, աշխատաժողովներ և փորձի փոխանակման քննարկումներ։ 

Միջոցառումը հյուրընկալող «Էրազմուս» ուսանողական ցանց (ESN Armenia) Երևան երիտասարդական ՀԿ-ի նախագահ Հովհաննես Յուքինյանի խոսքով՝ համաժողովը հիանալի հնարավորություն էր՝ Հայաստանը ներկայացնելու որպես կրթության և երիտասարդության հզորացման կենտրոն։

«Միջոցառումը հնարավորություն է ընձեռում Հայաստանում կրթության միջազգայնացման և տարածաշրջանում նոր համագործակցություններ ստեղծելու համար։ Հույս ունենք, որ մեր աշխատանքով ներդրում ենք ունենում Հայաստանը աշխարհի քարտեզում որպես կրթական կենտրոն ամրապնդելու հարցում»,– ասաց նա։

«SEEP Yerevan 2025»-ի օրակարգում կենտրոնական տեղ էին զբաղեցնում կրթության միջազգայնացումը, միջմշակութային երկխոսությունը և երիտասարդների սոցիալական ներգրավվածությունը։

«SEEP-ը բացառիկ հարթակ է, որտեղ տարբեր երկրներից կամավորները միավորվում են մեկ նպատակով՝ զարգանալ և կիսվել փորձով: Այստեղ մենք կառուցում ենք ընկերության կամուրջներ, որոնք անցնում են սահմաններից այն կողմ։ Միջոցառումը ոչ միայն ծանոթությունների, այլև ինքնազարգացման հիանալի հնարավորություն է։ Այդ հմտությունները օգտակար են ոչ միայն ESN-ի շրջանակում, այլև անձնական կյանքում։ Բոլորս տարբեր ենք, բայց նպատակը նույնն է՝ խթանել միջազգային կրթությունը և ձևավորել միջմշակութային գիտակցություն»,- նշեց ESN Հարավարևելյան եվրոպական տարածաշրջանի համակարգող Իքսան Կուրտամետը։

Իքսան Կուրտամետը տպավորված է ինչպես Հայաստանի գեղեցկությամբ, այնպես էլ մարդկանց վերաբերմունքով։

«Հարավարևելյան Եվրոպայի և Կովկասի երկրները տարբեր են, բայց, միաժամանակ, շատ նման՝ նույն ջերմությամբ ու հյուրընկալությամբ։ Երևանը հին, հպարտ ու շատ ջերմ մարդկանց քաղաք է»,– եզրափակեց նա։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում