Սպորտ

Վիեննայում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի 3-րդ մրցաշարը

2 րոպեի ընթերցում

Վիեննայում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի 3-րդ մրցաշարը

Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ կայացել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական 3-րդ մրցաշարը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։ 

Մրցաշարին մասնակցում էին դեսպաններ, դիվանագետներ, Ավստրիայի գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների շուրջ յոթ տասնյակ ներկայացուցիչներ և նրանց ընտանիքի անդամները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Ավստրիայում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալ Չայա Կապիլաշրամին և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Միխայել Շտյոտինգերը:

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր ելույթում մասնավորապես ընդգծել է, որ շախմատը միջազգային համերաշխության հզոր խորհրդանիշ է, որը միավորում է մարդկանց ազնիվ խաղի շուրջ։ Ինչպես ՄԱԿ-ի առաքելությունը, այն ևս խարսխված է փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության գաղափարների վրա:

Դեսպանը Հովհաննիսյանն անդրադարձել է շախմատի առանձնահատուկ նշանակությանը Հայաստանի համար՝ ներկայացնելով երկրի ձեռքբերումները և համաշխարհային շախմատային համայնքին ունեցած ներդրումը։

2019թ. դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի կողմից նախաձեռնված «Շախմատի համաշխարհային օր» խորագրով 74/22 բանաձևը, որը ճանաչել է խաղի կարևոր դերը միջազգային երկխոսության, հանդուրժողականության և փոխըմբռնման խթանման գործում։ Բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ 53 անդամ պետություններ, ընդգծում է շախմատի ընձեռած հնարավորությունները կրթության զարգացման, կանանց կարողությունների ամրապնդման, ներառականության, փոխըմբռնման և համընդհանուր հարգանքին նպաստելու գործում:

Վիեննայի դիվանագիտական շախմատի մրցաշարը անցկացվում է երրորդ տարին անընդմեջ՝ Հայաստանի մշտական ներկայացուցչության և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի համատեղ ջանքերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում