Հայաստանում փոխվել է շինարարության «աշխարհագրությունը». մարզերում ակտիվություն է նկատվում

12 րոպեի ընթերցում

Հայաստանում հունվար-օգոստոսին իրականացվել է 374 մլրդ 853.1 մլն դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճել է 20.4 տոկոսով: Ոլորտի պատասխանատուներն ու ներկայացուցիչները Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի ավարտից հետո շինարարության «աշխարհագրության» փոփոխություն են նկատում. մարզերում ակտիվություն է դիտվում:

«Արմենպրես»-ը ոլորտում նկատված միտումների ու կանխատեսումների մասին զրուցել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ու Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահի հետ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ շինարարությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության առաջնորդող ճյուղերից մեկը։ Նա ուրախությամբ արձանագրեց՝ աճ է գրանցվել ֆինանսավորման հիմնական բոլոր աղբյուրներով։ Մասնավորապես՝ պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալը 2025թ. հունվար-օգոստոսին աճել է 25.5 տոկոսով։ Համայնքային միջոցներով իրականացվող շինարարության ծավալն աճել է 30 տոկոսով: Կոմիտեի նախագահը  նկատեց՝ սա խոսում է այն մասին, որ սուբվենցիոն ծրագրերը սկսել են ավելի մեծ ծավալով և արդյունավետ իրականացվել։ Կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարությունն աճել է 20.6 տոկոսով, իսկ բնակչության միջոցներով շինարարությունը՝ 15.7 տոկոսով:

«Պետական միջոցներով իրականացվող շինարարության աճը ես կապում եմ այն հանգամանքի հետ, որ արդեն 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրում ընդգրկված շինարարական բոլոր օբյեկտները, ըստ էության, մտել են շինարարության փուլ։ Սրան գումարվում է նաև մնացած ուղղություններով ակտիվ շինարարությունը՝ ճանապարհաշինարարություն, ինժեներական ենթակառուցվածքներ, առողջապահական, մարզական կառույցների շինարարություն, սոցիալական բնակարանաշինություն և այլն»,-ասաց Վարդանյանը: 

Ըստ կոմիտեի նախագահի՝ ցուցանիշների հիմքում կարևոր է տեսնել կառավարության աջակցության տարբեր ծրագրերը, որոնք խթանում են անհատական բնակելի տների կառուցումը, տների, բնակարանների էներգաարդյունավետ նորոգումը, բացի այդ՝ օրենսդրական դաշտի բարեփոխումները, նոր հնարավորությունների ստեղծումը։ 

Բացի այդ, կառուցապատման թույլտվությունների տրամադրումը թվայնացվել է Հայաստանի ողջ տարածքում, որը միտված է գործընթացն ավելի դյուրին և թափանցիկ դարձնելուն: Շինարարության թույլտվությունները և քաղաքաշինական այլ փաստաթղթերը 2025թ. հունվարի 1-ից ՀՀ բոլոր մարզերում և Երևանում տրամադրվում են բացառապես urban-permits.e-gov.am թվային հարթակի միջոցով:  

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մարզերում իրականացվող շինարարության հետաքրքիր պատկեր է նկատում: «Քանի որ եկամտային հարկի վերադարձի մեխանիզմը Երևանում դադարել է գործել, էապես փոխվել է շինարարության աշխարհագրությունը՝ ակտիվանալով մարզերում։ Սա այն քաղաքականության արդյունքում է, որը իրականացնում է Կառավարությունը։ Երևանամերձ մարզերն առավել ակտիվ են, սակայն հետաքրքիր աշխուժություն կա նաև այլ մարզերում»,-ասաց Վարդանյանը:  

Կոմիտեի տրամադրված վիճակագրական տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզում 2025թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ թվային հարթակի գործարկումից ի վեր տրամադրվել է 3027 շինարարության թույլտվություն, Արարատի մարզում՝ 1822, Արմավիրի մարզում՝ 1655, իսկ Արագածոտնի մարզում՝ 453 շինարարության թույլտվություն։ 

2025թ.  հոկտեմբերի 1-ի դրությամբ ողջ հանրապետությունում տրամադրվել է 9151 շինթույլտվություն, 10 741 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և 3295 ավարտական ակտ։ Ընդ որում, աճի դինամիկա նկատվում է նաև ամիսների համեմատությամբ։ Երևանը թվային հարթակին միացել է 2025թ. հունվարի 1-ից։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրվել է 896 շինարարության թույլտվություն։  

«Վիճակագրությունը փաստում է, որ որոշ մարզերում տրված շինթույլտվությունների քանակը գերազանցում է Երևանում տրված շինթույլտվությունների թվին»,-նկատեց կոմիտեի նախագահը: 

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի կարծիքով՝ նախորդ տարի և դրան նախորդող տարիների պահանջարկի և ստացված քաղաքաշինական թույլտվությունների հիման վրա մեկնարկած ծրագրերի արդյունքում է, որ այս տարի նկատվում է շինարարության ակտիվություն: Ակտիվությունը էականորեն կպահպանվի այս և հաջորդ տարիներին: Իսկ նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի տեմպերը, ըստ նրա, Երևանում նվազել են: Այս առումով ակտիվություն է նկատվում Երևանի մերձակա մարզերում:   

«Եկամտային հարկի վերադարձի ծրագրի աստիճանական դադարեցումը՝ այս պահին Երևանում և աստիճանաբար նաև մարզերում, ունեցավ մի շարք թե՛ դրական, թե՛ բացասական խթաններ։ Քանի որ ծրագիրը դուրս էր գալիս Երևանից, նախորդ  տարի մենք ունեցանք ռեկորդային քանակով շինթույլտվությունների թողարկումներ միայն Երևանի տարածքում: Իսկ այս տարի ունեցանք քաղաքաշինական թույլտվությունների հայտարկման և թողարկման գծով էական նվազում: Այսինքն՝ պահանջարկը, որը կարող էր լինել առաջիկա տարիներին՝ այս տարի, հաջորդ տարի, տեղափոխվեց նախորդ տարվա երկրորդ կիսամյակ»,-ասաց Գրիգորյանը: 

Ասոցիացիայի նախագահը ևս Երևանի մերձակա մարզերում նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի ակտիվությունը պայմանավորում է հիմնականում եկամտային հարկի վերադարձի հնարավորությամբ: Ասոցիացիայում նկատել են՝ ամենից ակտիվը Կոտայքի մարզն է, ապա Արագածոտնի մարզը, նաև Տավուշը՝ որպես հանգստյան գոտի: Կառուցապատողներն այս մարզերում ակտիվորեն իրականացնում են ներդրումային ծրագրեր: 

«Այս տարեսկզբից նկատելի է ակտիվության շարունակականություն մերձերևանյան մարզերի համայնքներում և առանձին կուրորտային զոնաներում՝ Դիլիջան կամ Ծաղկաձոր համայնքներում։ Պետք է արձանագրել, որ դա պայմանավորված է 2 հիմնական խթանիչ հանգամանքով: Առաջինը եկամտային հարկի վերադարձի ծրագիրն է, ինչը ապահովում է երաշխավորված վաճառքի հնարավորություն։ Երկրորդը՝ մարզերում փոքր-ինչ ավելի հեշտ է հանրային վարչարարության տեսանկյունից, քաղաքաշինական թույլտվությունների ստացման գործընթացներն ավելի պարզ են՝ Երևանում իրականացվող վարչարարության հետ համեմատած»,-ասաց ասոցիացիայի նախագահը:  

Ըստ Գրիգորյանի՝ այս ակտիվությունը կարող է ժամանակավոր լինել: Եկամտային հարկի վերադարձի ծրագիրն է նպաստում քաղաքաշինական ծրագրերի ակտիվացմանը Երևանի մերձակա մարզերում ու հանգստյան գոտիներում: «Եվ եթե պետությունը սեղմ ժամկետներում քաղաքաշինական ծրագրի խթանման գծով նոր քաղաքականություն չորդեգրի, ապա առաջիկա տարիներին ականատես կլինենք մի իրավիճակի, որ այլևս չեն լինի նոր մեկնարկող զանգվածային քաղաքաշինական ծրագրեր: Կլինեն առանձին քաղաքաշինական ծրագրեր՝ փոքր ծավալներով, փոքր տեմպերով: Սա, իհարկե, կունենա իր բացասական հետևանքները՝ հաշվի առնելով, որ 2024 թվականի ցուցանիշներով մեր երկրի ՀՆԱ-ում քաղաքաշինությունը, կառուցապատումը, հարակից ոլորտների հետ միասին շոգեքարշել է, լոկոմոտիվ է հանդիսացել ՀՆԱ-ում՝ ապահովելով շուրջ 21․5 տոկոս, այսինքն՝ ՀՆԱ-ի գրեթե 1/5-րդը»,-ասաց ասոցիացիայի նախագահը:  

Ըստ նրա՝ եթե առաջիկա տարիներին հանրային քաղաքականության որդեգրած մոտեցումները չլինեն բիզնեսակենտրոն և ի նպաստ շուկայի շարունակական և կայուն զարգացման, ապա այս տեմպերը էականորեն անկում կապրեն՝ ՀՆԱ-ի վրա ունենալով խորը բացասական ազդեցություն։  

Եկամտային հարկի վերադարձի ծրագրի ավարտից հետո շինարարության տեմպերը պահպանելու համար նա որոշակի քայլերի անհրաժեշտություն է տեսնում: Գրիգորյանը բիզնես վարքագիծը կանխորոշելու, երկարաժամկետ ներդրումային ծրագրերի համար նախևառաջ կարևորեց օրենսդրական կանխատեսելի միջավայրի ապահովումը: Օրենսդրական նոր փոփոխությունները գոնե չպետք է տարածվեն արդեն ընթացքի մեջ գտնվող կառուցապատումների վրա, որ դա ներդրումային ոչ գրավիչ պայմաններով նախագիծ չլինի:  

«Օրինակ՝ քաղաքաշինական ծրագրի սկզբում կառուցապատողը տեղյակ չի լինում, որ օրերից մի օր կարող է համայնքը սահմանել շինարարության թույլտվության երկարաձգման գծով տուրք։ Բայց ընթացքում պարզվում է, որ սահմանվում է նման տուրք»,-նշեց նա:

Գրիգորյանը նշեց նաև վարչարարության խնդրի լուծման մասին, քանի որ վարչարարական գործընթացների դանդաղումը թանկացնում է շինարարության ինքնարժեքը:  

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը իր հերթին վստահ է՝ շինարարական ակտիվությունը շարունակվելու է, պարզապես շինարարության կառուցվածքն է փոխվելու։ «Թե՛ կառուցապատողների, թե՛ կառավարության գործընկերների հետ քննարկում ենք այլընտրանքային տարբերակներ՝  եկամտային հարկի վերադարձի գործիքի փոխարեն որպես ինստիտուցիոնալ, ծրագրային մոտեցում։ Մինչ այդ որոշ խոշոր կառուցապատողներ արդեն գտել են լուծումներ և անցել տարաժամկետ վճարման գրաֆիկի»,-ասաց Վարդանյանը:  

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշեց՝ ոլորտի առանձնահատկությունն այնպիսին է, որ շինարարական ծավալները սովորաբար աճում են երկրորդ կիսամյակում։ Մեծ ծավալով կատարողականներ գեներացվում և վճարվում են տարվա վերջին։ «Ես վստահ եմ, որ աճի դինամիկան պահպանվելու է հաջորդող ամիսներին, կարծում եմ՝ նաև հաջորդ տարիներին, քանի որ օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու նպաստավոր նախադրյալներ են ստեղծվում, ինչը չի շրջանցի նաև շինարարության ոլորտը»,-ասաց Վարդանյանը: 

Կոմիտեի նախագահը վստահեցրեց՝ պետական ծրագրերը շարունակվելու և ավելի մասշտաբային են դառնալու։ Մասնավորապես՝ դպրոց և մանկապարտեզ կառուցելու հանձնառությունը Կառավարությունը շարունակելու է նաև 2026 թվականից հետո. գալիք տարիներին գործունեության դաշտը կանխատեսելի դարձնելու նպատակով արդեն սկսվել են նոր շրջափուլի համար հաջորդ մեծ խումբ դպրոցների և մանկապարտեզների նախագծման աշխատանքները։ Ըստ նրա՝ սա խթան պետք է լինի շինարարական ներուժը առավելագույն պատրաստվածության բերելու համար։ Նախատեսված է Ակադեմիական քաղաքի կառուցումը՝ բազմաթիվ ենթակառուցվածքներով, մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը և այլն։ 

Հայերեն

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով