Բելգիացի գործարարները հետաքրքրված են հայաստանյան շուկայով․ առաջիկա օրերին սպասվում են մի շարք հանդիպումներ
5 րոպեի ընթերցում
Բելգիա-Հայաստան առևտրի պալատը նշում է իր գործունեության 20-ամյակը: Այն հերթական տնտեսական առաքելությամբ Հայաստանում է։ Բելգիացի գործարարների խումբը եկել է ինչպես ճանաչողական այցով, այնպես էլ կոնկրետ բիզնես առաջարկներով։ Բելգիա-Հայաստան առևտրի պալատի գործունեության 20-ամյակի առթիվ Հայաստանում կազմակերպվելու է տոնական ընդունելություն, սպասվում է բելգիացի գործարարների այցելություն տեղական ընկերություններ։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքը նշեց, որ Բելգիա-Հայաստան տնտեսական կապերն ամրապնդելու մեծ ներուժ կա։
«Արդեն 2 տարի է` Հայաստանում Բելգիայի դեսպանն եմ, ինչպես գիտեք դեսպանության դերն է երկու երկրների միջև կամուրջներ ստեղծելը։ Կարծում եմ, որ տնտեսական դիվանագիտությունը կարևոր լծակ է կապերն ամրապնդելու համար։ Այս ընթացքում մի շարք ոլորտներ ենք բացահայտել ու ձգտում ենք բելգիացի ներդրողների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա։ Կուզեի առանձնացնել կրթությունը, նորարարությունը։ Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Թումո կենտրոն է բացվելու Բելգիայի Լիեժ քաղաքում, ինչը շատ կարևոր քայլ է։ Դրանից բացի, մի շարք այլ նախաձեռնություններ ևս հետաքրքիր են, օրինակ, «Արմաթ» լաբորատորիայի ծրագիրը։ Մեզ հետաքրքիր է նաև կիսահաղորդիչների ոլորտը։ Գիտենք, որ Հայաստանը որակյալ ինժեներներ է պատրաստում, և այստեղ ևս մեծ ներուժ եմ տեսնում»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ վերջին 2 տարիներին զգալի աշխատանք է տարվել նաև սննդի արդյունաբերության ոլորտում։
Հայաստան են ժամանել մեկ տասնյակ բելգիացի գործարարներ՝ ապահովագրության, առողջապահության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, շինարարության ու այլ ոլորտներից։ Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը նշեց, որ գործարարների մի մասն արդեն Հայաստանում համագործակցության հնարավորություններ է գտել, և ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
«Տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքում աստիճանաբար հասանք նրան, որ այսօր բելգիացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներով։ Դեռ լուրջ աշխատանք կա անելու, հատկապես մարքեթինգի ու իրազեկման ուղղությամբ։ Հայաստանը Բելգիայի շուկայում ներկայացնելու առումով մեծ դեր ունի նաև դեսպանը, որը լուրջ տեղեկատվական աշխատանք է կատարում։ Հայաստանը տնտեսական մեծ ներուժ ունի, և իրապես կարևոր է այդ ուղղությամբ իրազեկման աշխատանքը»,-ասաց Վալերի Սաֆարյանը։
Պալատին հաջողվել է իր առաքելությունում ներգրավել նաև արդյունաբերական, հանքարդյունաբերական և շինարարական ոլորտների համաշխարհային այնպիսի առաջատար կազմակերպության, ինչպիսին է հանքարդյունաբերական ոլորտի պահեստամասերի առաջատար մատակարարներից Bimex-ը:
«Տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ այդպիսի ընկերությունները իրենք հետաքրքրված կլինեն Հայաստանով։ Այսօր նրանցից շատերը իրենց նախաձեռնությամբ դիմում են մեզ Հայաստանում համապատասխան գործընկերներ գտնելու հարցում աջակցելու համար»,-ասաց Վալերի Սաֆարյանը։
Հայաստան եկած բելգիացի գործարարների խմբում է նաև Pluritecհ ընկերության հիմնադիր Էրիկ Վինսը։ Նա Հայաստան արդեն 3-րդ անգամ է այցելում։ Սկզբնական փուլում նպատակը ծանոթությունն էր։
«Իմ հետաքրքրությունը ինֆորմատիկայի ոլորտն է, ես հասկացա, որ իրականում հնարավորություններն ավելի շատ են, քան պատկերացնում էի։ Հայաստանում Բելգիայի դեսպանատան ու Բելգիա-Հայաստան առևտրի պալատի աջակցությամբ գործընկերներ գտանք ու արդեն կոնկրետ բիզնես նախագիծ ենք մշակում»,-ասաց Էրիկ Վինսը։
Գործարարների նպատակային հատուկ բիզնես հանդիպումներից զատ, նախատեսվում է մասնակցություն DigiTec Armenia Expo-ի բացմանը: Հայաստան-Բելգիա առևտրի պալատի գործընկեր Bana Angels-ի նախաձեռնությամբ ներդրողներն առիթ կունենան բացառիկ այցելություններ իրականացնել համաշխարհային համբավ ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են PicsArt-ը, TUMO-ն, ServiceTitan-ը և այլն:
Բելգիա-Հայաստան առևտրի պալատը ստեղծվել է Վալերի Սաֆարյանի կողմից 2005 թվականին՝ նպաստելու Բելգիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությանը։ Վերջին 20 տարիների ընթացքում պալատը դարձել է վստահելի հարթակ՝ միավորելով բիզնես համայնքները, խթանելով ներդրումները և զարգացնելով նոր գործընկերություններ։