Շաքիի ջրվեժը գունավորող անձը հայտնաբերվել և ենթարկվել է վարչական պատասխանատվության
1 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի հետ կապված միջոցառման ընթացքում ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնաս։
Քաղաքացի Ա.Օ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր բնության ջրաերկրաբանական հուշարձան հանդիսացող Շաքիի ջրվեժում կազմակերպված միջոցառման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։