Քաղաքականություն

Վրաստանում ընդդիմության ցույցերի հետևանքով ոստիկաններ ու ցուցարարներ են տուժել, կան ձերբակալվածներ

2 րոպեի ընթերցում

Վրաստանում ընդդիմության ցույցերի հետևանքով ոստիկաններ ու ցուցարարներ են տուժել, կան ձերբակալվածներ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է հոկտեմբերի 4-ի քաղաքային ընտրություններին զուգահեռ Թբիլիսիում անցկացված բողոքի ակցիայի կազմակերպչական կոմիտեի բոլոր հինգ անդամների ձերբակալության մասին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է News Georgia-ն՝ մանրամասնելով, որ նրանք մեղադրվում են Վրաստանում կառավարությունը տապալելու կոչերի և խմբակային բռնություն կազմակերպելու մեջ: 

«Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կազմակերպիչները բռնության կոչեր են հնչեցրել, և նման կոչերը շարունակվել են նույնիսկ հոկտեմբերի 4-ից առաջ: Ներքին գործերի նախարարությունը բազմիցս դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով ապահովել հանրահավաքի խաղաղ բնույթը և պահպանել օրենքը: Սակայն, հանրահավաքում բռնության կոչեր հնչելուց հետո, մի քանի մասնակիցներ և կազմակերպիչներ քանդել են Ատոնելիի վրա գտնվող նախագահական պալատի ցանկապատերը և փորձել են գրավել այն», - ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն: 

Նշվում է, որ «խաղաղ հեղափոխության» նպատակով բողոքի ակցիան Թբիլիսիում անցկացվել է քաղաքային խորհրդի ընտրություններին զուգահեռ: Կազմակերպչական կոմիտեն Վրաստանի ներկայիս կառավարությունը հայտարարել է անօրինական և պահանջել է իշխանության խաղաղ փոխանցում: Կազմակերպիչների կոչից հետո որոշ ցուցարարներ փորձել են ներխուժել նախագահական նստավայր, որը գտնվում է բողոքի հիմնական վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Հատուկ ուժերը ցուցարարներին հետ են մղել արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների միջոցով։ Ցուցարարներն իրենց հերթին  ոստիկանության վրա  հրավառության համար նախատեսված նյութեր և քարեր են նետել։

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է Ներքին գործերի նախարարության 21 աշխատակցի և 6 ցուցարարի հոսպիտալացման մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում