Հասարակական

Ապատեղեկատվության դեմ պայքարում ջանքերի համատեղում. հայկական և իրանական կողմերը մտադիր են խորացնել համագործակցությունը

6 րոպեի ընթերցում

Ապատեղեկատվության դեմ պայքարում ջանքերի համատեղում. հայկական և իրանական կողմերը մտադիր են խորացնել համագործակցությունը

Հայկական և իրանական կողմերը մտադիր են խորացնել համագործակցությունը՝ Հայաստանի և Իրանի համար զգայուն թեմաների վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման պատրաստակամություն հայտնեցին  Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն ու «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին Երևանում «ԻՌՆԱ»-ի պատվիրակության՝ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոն այցի ընթացքում:  

«Իրանցի գործընկերների հետ մեր ցանկացած հանդիպում, շփում, մեր այցերը, իրանցի գործընկերների այցերը մեր կենտրոն անչափ կարևոր են, որովհետև մենք ունենք բազմաթիվ ընդհանուր թեմաներ, ընդհանուր հետաքրքրություններ, որոնց մեծ կարևորություն ենք տալիս: Համոզված եմ՝ այս հանդիպումը ևս կծառայի այդ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը»,-համոզմունք հայտնեց Գոռ Ծառուկյանը: 

Ծառուկյանը իրանական կողմին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը՝ կառավարության ծրագրերի ու միջոցառումների լուսաբանումներից մինչև մշտադիտարկումներ, կառավարությանը տեղեկատվությամբ ու վերլուծություններով ապահովում ու արտաքին գործընկերների վերլուծական կենտրոնների հետ համագործակցություն: Ծառուկյանը խոսեց նաև ամեն տարի կազմակերպվող տարածաշրջանային, միջազգային միջոցառումների մասին, որոնց ներգրավում են նախևառաջ հարևան երկրներից, մասնավորապես, Իրանից մասնակիցների: Արդեն իսկ կան կնքված հուշագրեր իրանական առաջատար վերլուծական կենտրոնների հետ: 

«Մեր գործունեության մյուս կարևոր ուղղությունն ապատեղեկատվության դեմ պայքարն է, որը ծավալվում է Հայաստանի, տարբեր պաշտոնյաների կամ պետական կառույցների դեմ: Կարծում եմ՝ հատկապես այս վերջին 2 ուղղություններով կարող ենք քննարկումներ ունենալ, պայմանավորվածություններ ձեռք բերել և համագործակցությունը խորացնել»,-ասաց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրենը:

Գոռ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալության գործընկերներին՝ հանդիպումը կազմակերպելու համար: 

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին ևս միացավ «Արմենպրես»-ին ուղղված շնորհակալությանը՝ հանդիպումները կազմակերպելու համար: 

Նա ևս հակիրճ ներկայացրեց «ԻՌՆԱ»-ի գործունեության առանցքը: «ԻՌՆԱ»-ն Իրանի ազգային ու պաշտոնական լրատվական գործակալությունն է: «ԻՌՆԱ»-ի հիմնական գործառույթներից է լուրերի տարածումը: Գործակալությունը համարվում է, այսպես ասած, մայր լրատվամիջոց, որից օգտվում են այլ լրատվամիջոցներ: Գործունեության ուղղություններից են նաև լուրերի վերլուծությունն ու տարբեր հետազոտություններն ու քննարկումները: «Կարծում եմ՝ սա այն ուղղություններից է, որով կարող ենք համագործակցել ձեզ հետ»,-նշեց Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին:

Գործակալությունը, պարսկերենից բացի, լուրեր է պատրաստում նաև 11 օտար լեզվով: «Ցավոք, հայերենը այդ լեզուների ցանկում ներառված չէ: Սակայն կարծում եմ՝ սա ևս այն թեմաներից է, որի շուրջ կարող ենք համագործակցել»,-նշեց գործակալության գլխավոր տնօրենը: 

Նա նշեց՝ ունեն նաև մշակութային առանձին կենտրոն, որը կից աշխատում է լրատվական գործակալության հետ: Կենտրոնը զբաղվում է գրքերի հրատարակմամբ, նաև տարբեր թերթերի տպագրմամբ: Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին ոչ միայն լրատվական գործակալության գլխավոր տնօրենն է, այլ նաև մշակութային կենտրոնի խորհրդի նախագահը: «Կարծում եմ՝ ոչ միայն լրատվական ոլորտում, այլ նաև գրքերի հրատարակման, թարգմանության, վերլուծության և նման ուղղություններով ևս կարող ենք համագործակցել միմյանց հետ»,-նշեց նա:

Գոռ Ծառուկյանը կարևորեց իրանական կողմի հետ համագործակցության ամրապնդումը՝ հատկապես Հայաստանին ու Իրանին վերաբերող և երկու երկրների համար զգայուն թեմաների շուրջ ապատեղեկատվության դեմ պայքարում առավել հաջող արդյունքներ գրանցելու համար: «ԻՌՆԱ»-ի գլխավոր տնօրենը ևս ի շահ երկու պետությունների համագործակցության խորացման ցանկություն ու համոզմունք հայտնեց: Նա տեսնում է համագործակցության ընդլայնման բոլոր նախադրյալները: 

Հանդիպմանը մասնակցել են նաև «Օրբելի» կենտրոնի փորձագետներ և գիտակրթական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, որոնք հյուրերի հետ մտքեր են փոխանակել հայ-իրանական հարաբերությունների, համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ։ 

Ծավալվել է քննարկում «Հայաստան-Իրան հարաբերությունները տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում» խորագրով։ Դրա ընթացքում կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում խաղաղության միջավայրի կառուցմանը և ամրապնդմանը միտված առանձին և համատեղ քայլերի իրականացման, փոխշահավետ համագործակցային գաղափարների գեներացման, ակտիվորեն շրջանառման, առկա պայմաններում տեղեկատվական և փորձագիտական դաշտերի ներկայացուցիչների դերակատարման կարևորության և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում