Հանքարդյունաբերության թեմայով համաժողովը մեկ հարթակում միավորել է պետական կառույցների և մասնագիտական հանրույթի ավելի քան 250 ներկայացուցչի
3 րոպեի ընթերցում

Ծաղկաձորում հոկտեմբերի 3֊ին մեկնարկել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանը միտված Mining Armenia Forum 2025-ը (MAF25) միջազգային համաժողովը, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արմենպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ համաժողովի ընթացքում իրենց ներկայացրած կառույցների միջև համագործակցության հուշագիր ստորագրեցին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։
Կազմակերպիչների բնորոշմամբ` տարածաշրջանի ամենախոշոր համանման միջոցառումն այս տարի անցկացվում է երկրորդ անգամ։ Այն միավորել է հանքարդյունաբերության ոլորտի առանցքային դերակատարներին։
Այս տարի համաժողովն անցկացվում է «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրի ներքո։
Երկօրյա համաժողովը մեկ հարթակում միավորել է պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր հատվածի և ներդրումային ընկերությունների ավելի քան 250 ներկայացուցիչների։ Պանելային քննարկումների, առաջատար ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակցում են առաջատար խոսնակներ Հայաստանից, Կանադայից, Նիդեռլանդներից, Ղազախստանից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Բելառուսից, Արաբական Միացյալ Էմիրություններից:
Քննարկման հիմնական թեմաներն են` հանքարդյունաբերությունը՝ որպես նոր էներգիա․ ներդրումային հնարավորությունները և գլոբալ տնտեսական միտումները, Հայաստանի հանքարդյունաբերությունն այսօր և ապագայի հեռանկարները, հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացումն ու հասարակական միտումները, ինչպես նաև կայուն զարգացումը՝ որպես տեխնոլոգիական զարգացման արդյունք. տեխնոլոգիաների դերը հանքարդյունաբերությունում և դրա սահմաններից դուրս, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ թեմաներ։
Ֆորումի հիմնական խոսնակների շարքում են՝ Լորա Բեյլի (Տնտեսական զարգացման ավագ փորձագետ, Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի նախկին ղեկավար), Կիրստեն Հանդ (Հանքարդյունաբերության և կայուն զարգացման ավագ փորձագետ), Ֆրիկ Էլս (MINING.COM-ի ավագ խմբագիր), Հակոբ Ղահրամանյան (ՎԶԵԲ-ի բնական ռեսուրսների բաժնի ավագ բանկիր, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար), Ջոել Սադերլենդ (Hayasa Metals Inc. գլխավոր գործադիր տնօրեն), Վյաչեսլավ Տոսակով (KPMG Caspian-ի «Ռազմավարություն և գործառնություններ» վարչության փոխտնօրեն), Վաել Ջաբեր (Wood Mackenzie-ի հանքարդյունաբերության և մետալուրգիայի խորհրդատվության բաժնի փոխնախագահ)։