Նախարարության ենթակայության տակ անցնելով՝ մարզային որևէ բուժկենտրոն չի փակվի․ Ավանեսյան
1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարությունն ավարտել է մարզային բժշկական կենտրոնները գերատեսչության ենթակայության տակ անցկացնելու համար անհրաժեշտ կազմակերպաիրավական ձևակերպումները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շեշտելով, որ նախարարության ենթակայության տակ անցնելով՝ մարզային որևէ բժշկական կենտրոն չի փակվի և չի կրճատվի, դրանք կշարունակել գործել իրենց տեղակայման վայրերում։
«Պետությունը վերջին տարիներին մեծածավալ կապիտալ ներդրումներ է իրականացրել մարզային կենտրոնները կառուցելու, վերակառուցելու, հագեցնելու վրա, և այս քաղաքականությունը շարունակվելու է։ Այս պահին էլ մենք ունենք միայն Առողջապահության նախարարության կողմից իրականացվող մոտավորապես 13 շինարարական ծրագրեր, որոնք շարունակելու ենք»,- ասաց Ավանեսյանը։
Առողջապահության նախարարը նշեց՝ գործընթացի նպատակը միասնական տրամաբանությամբ և ծախսարդյունավետ կառավարվող հիմնարկներ ունենալն է։