«Երևանյան բեսթսելեր». «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2025
9 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքների։
Առաջին տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։
Երկրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Կլեգ Ջոնաթանի «Մեսսին ընդդեմ Ռոնալդուի» գիրքը երրորդ տեղում է։ Այս գրքում կբացահայտեք երկու մեծագույն ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի հաջողության գաղտնիքը։ Կիմանաք`ինչպիսի մանկություն են նրանք ունեցել , ինչպիսի կյանքի փուլեր են անցել և ինչպիսի նվաճումներ են գրանցել խաղադաշտու` նախքան համաշխարհային աստղեր դառնալը։
Մորգան Հաուզելի «Փողի հոգեբանությունը» չորրորդ տեղում է։ Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց, փողի հետ գործ ունենալիս, անհաջողակ։ Ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ։ Այն ավելի խորքային է և կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ։ Մորգան Հաուզելը ներկայացնում է փողի վերաբերյալ մեր վարքի լավագույն ուղեցույցը։ «Փողի հոգեբանությունը» գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է մտածել փողի մասին, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից և ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ։
Հինգերորդ հորիզոնականում է Լուկա Կայոլիի «Ռոնալդու» գիրքը: ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավիճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարելագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին: Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։
Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» վեցերորդ տեղում է։ Գրքում ներկայացված են այժմ «Զանգեզուրի միջանք» անունը կրող պանթյուրքական կարեւորագույն քաղաքական նախագծի գաղափարի ծագումը, զարգացումը, իրականացման փորձերը տարբեր շրջափուլերում՝ 20-րդ դարասկզբից մինչեւ մեր օրերը, դրա տեղն ու դերը թուրք-ադրբեջանական քաղաքական-գաղափարախոսական դաշտում, ինչպես նաեւ խնդրի աշխարհաքաղաքական համատեքստը:
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յոթերորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքն ութերորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
Իններորդ տեղում է Ռիչարդ Կոխի «80/20-ի սկզբունքը»։ Պատկերացրեք, որ արդյունքի 80%-ը կարող եք ձեռք բերել ընդամենը 20% ջանքերով: Առաջին հայացքից անհավանական թվացող, բայց գիտականորեն ապացուցված այս պնդումն է ընկած «80/20 սկզբունքը» գրքի հիմքում, որն ուսումնասիրելով կարող եք բացահայտել գործողությունների, ջանքերի այն չնչին մասը՝ մոտ 20%-ը, որը հանգեցնում է արդյունքների զգալի՝ 80%-ին:
Լուիզա Հեյի «Աշխատանք հայելու հետ» գիրքը տասներորդ տեղում է։ Այս գիրքը կօգնի բարելավել ձեր կյանքի որակը և հասնել ներքին ներդաշնակության։ 21 օրվա ընթացքում, գործնական, վարժությունների և աֆֆիրմացիաների միջոցով, դուք կսովորեք՝ զարգացնել ձեր ստեղծագործական ներուժը, հաղթահարել դիմադրությունը՝ դրական փոփոխությունների նկատմամբ, ազատվել անառողջ ինքնաքննադատությունից, բարձրացնել ինքնագնահատականը, նորովի ինքնաարժևորել և ընդունել ձեր անձը, ձեռք բերել ինքնավստահություն, սիրել և խնամքով վերաբերվել ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց, ձերբազատվել սթրեսի մշակման զգացումից, անհիմն վախերից և զայրույթից, ներել հին վիրավորանքները և առաջ շարժվել։
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | +1 | ![]() | Էրիկ Բեռն, «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» | Դավինչի | 100 |
| 2 | -1 | ![]() | Ջո Նավարո, «Ես կարդում եմ Ձեր մտքերը» | Դավինչի | 87 |
| 3 | նոր | ![]() | Կլեգ Ջոնաթան, «Մեսսին ընդդեմ Ռոնալդուի» | Դավինչի | 73 |
| 4 | * | ![]() | Մորգան Հաուզել, «Փողի հոգեբանությունը» | Newmag | 67 |
| 5 | * | ![]() | Լուկա Կայոլի, «Ռոնալդու» | Newmag | 54 |
| 6 | նոր | ![]() | Ռուբեն Մելքոնյան, Վարուժան Գեղամյան, «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» | հեղ հրատ | 53 |
| 7 | -3 | ![]() | Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես, «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» | Դավինչի | 51 |
| 8 | -2 | ![]() | Ջեյմս Քլիըր, «Ատոմային սովորություններ» | Էդիթ Պրինտ | 48 |
| 9 | - 6 | ![]() | Ռիչարդ Կոխ, «80/20-ի սկզբունքը» | Դավինչի | 39 |
| 10 | * | ![]() | Լուիզա Հեյ, «Աշխատանք հայելու հետ» | Դավինչի | 35 |









